Կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերը զգալի անկում են ապրել. Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի պատվիրակությանը` Եվրոպայի Խորհրդի ԱՊՀ և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Կատյա Դորգովա-Դրեյերի գլխավորությամբ: Այս մասին հաղորդում է ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը: Պատվիրակության կազմում էին` կրթության ոլորտի միջազգային փորձագետներ Իյան Սմիթը և Թոմ Համելթոնը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում նախարարության և Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ իրականացվող մի շարք նախագծեր, մասնավորապես, «Եվրոպական կրթական տարածքին Հայաստանի ինտեգրման և  բուհերում կոռուպցիայի դեմ պայքարի» նոր ծրագրի մեկնարկի վերաբերյալ: Ծրագրի նպատակն է` ուսումնասիրել կոռուպցիայի դեմ պայքարի օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակները` պայքարի արդյունավետ կիրառությունն ապահովելու և ԵՄ ինտեգրումն ավելի զարգացնելու համար:
Ողջունելով ԵԽ պատվիրակությանը` նախարարը նշել է, որ  ակնկալվում է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ ԿԳՆ 2014-16 թթ.  գործողությունների ծրագրի արդյունավետ կիրառմանն ուղղված փորձագետների առաջարկությունները  և հնարավոր ռիսկերի գնահատումը:  Արմեն Աշոտյանը նշել է, որ համաձայն վերջին հետազոտությունների`  կոռուպցիոն ռիսկերը ՀՀ բուհերում բավականին նվազել են: ««Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության ներկայացրած զեկույցի համաձայն` կոռուպցիա ունեցող ոլորտների առաջին եռյակում կրթությունը չի մտնում: Այո, կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերը զգալի անկում են ապրել, սակայն դեռևս չի հաջողվել հասնել դրա իսպառ վերացմանը»,-նշել  է նախարարը` ընդգծելով, որ կոռուպցիայի դեմ պայքարում պետք է ավելի մեծ թվով շահառուներ ներգրավել`ուսանողներ, դասախոսներ, հանրային սեկտորի ներկայացուցիչներ, ովքեր ավելի տեղեկացված կլինեն կոռուպցիոն հնարավոր ռիսկերի մասին:  Արմեն Աշոտյանն արձանագրել է, որ ուսանողության մի որոշ հատված դեռևս շահագրգիռ է կոռուպցիոն ռիսկերի առկայությամբ: Ըստ նախարարի` այս խնդրում շատ կարևոր է մտածելակերպի և բուհերի կառավարման մշակույթի փոփոխությունը: Արմեն  Աշոտյանը նշել է նաև, որ  վերջին տարիներին ՀՀ բուհերին տրվել է ավելի մեծ ինքնավարություն. բուհերը ՊՈԱԿ-ներից աստիճանաբար վերածվում են հիմնադրամների: Որոշակի փոփոխություններ են կատարվել նաև օրենսդրական ոլորտում:
Կատյա Դորգովա-Դրեյերն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարությանը` ընդգծելով, որ հենց նախարարության նախաձեռնությամբ է իրականացվում վերոնշյալ ծրագիրը: Նա նաև բարձր է գնահատել նախարարության  և Եվրոպայի Խորհրդի արդյունավետ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև բուհերի կառավարման խորհուրդներում ուսանողների և մասնավոր հատվածի ներգրավվածության խնդրին:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել