Պերմյակովի գործը. Երեմ Սարգսյանը չի բացառում մի քանի անձանց կողմից սպանություն կատարելու վարկածը

Հունվարի 14-ին՝ Երեմ Սարգսյանը՝ Ավետիսյան ընտանիքի սպանության գործով տուժողների իրավահաջորդների փաստաբանը, եղել է դեպքի վայրում, կատարել մի շարք գործողություններ:
Ամփոփելով իր աշխատանքները՝ փաստաբանը փոխանցեց. «Դեպքի վայրում եմ  եղել, բացի տան ներսից, որտեղ չէր թույլատրվում, այսինքն՝ փակ էր բնակարանը: Եղել եմ նաև հարակից տարածքում, դիտարկել հնարավոր ելքն ու մուտքը, ուսումնասիրել ռազմաբազայից դեպի դեպքի վայր տարածքը: Դեպքի վայրից գնացել եմ մինչև Բայանդուր գյուղ՝ հետազոտելով այն տարածքը, որտեղ որ հայտնաբերել են Պերմյակովին, փորձել եմ ինձ համար վարկածներ կազմել նրա հեռանալու ուղիների վերաբերյալ»:
Նա ձեռնպահ մնաց ներկայացնել, թե այս գործողություններից բխող ինչ քայլերի է մտադիր գնալ: Պարոն Սարգսյանը նաև անդրադարձավ այն վարկածին, որ դաժան սպանությունը ենթադրաբար կատարվել է մի քանի անձանց կողմից. «Այդ վարկածը մենք միշտ ի նկատի ունենք, դրան հանգեցնող կոնկրետ հանգամանքներ կան, որ մեզ փորձում են հուշել, որ հնարավոր է այն իրական լինի: Ուստի ամեն դեպքում պարտավոր ենք բոլոր վարկածներով միջնորդություն ներկայացնել, պարտադրել, որպեսզի նույնպես քննություն կատարվի»,- հաղորդեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք` հունվարի 12-ին Գյումրիում սպանվել էին Ավետիսյան ընտանիքի 6 անդամները, մանկահասակ Սերյոժա Ավետիսյանը դանակահարված վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, բժիշկներին չի հաջողվել նրա կյանքը փրկել: Մեղադրանք է առաջադրվել ռուս զինվոր Վալերի Պերմյակովին:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել