«Հիշում եմ և պահանջում». այսպիսին է լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կարգախոսը: Դեռևս հարյուր տարի առաջ կատարված ոճրագործությունը մինչ այժմ էլ մնում է չճանաչված շատ երկրների, այդ թվում` հենց ոճրագործ երկրի՝ Թուրքիայի կողմից:
100-ամյակին նվիրված միջոցառումները նպատակաուղղված են ստանալու միջազգային ճանաչում: Այժմ գոյություն ունի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պաշտոնական կայքը` ArmenianGenocide100.org-ը, որը ստեղծվել է համակարգող պետհանձնաժողովի որոշմամբ: Այն հասանելի է 3 լեզվով` հայերեն, ռուսերեն և անգլերեն, մոտ ապագայում կավելանան նաև թուրքերենը, ֆրանսերենն ու իսպաներենը: Թե ի՞նչ է կատարվում միջազգային հարթակում, կիմանանք իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Գաբրիել Բլայանի հետ զրույցից.
-Ի՞նչ վիճակում է գտնվում Ցեղասպանությունը միջազգային հարթակում իրավական կերպով ամրագրման գործընթացը:
Մի շարք պետությունների կողմից Ցեղասպանության ընդունումն արդեն միջազգային հարթակում խնդրի ամրագրման մասին է խոսում: Վերջերս հարյուրամյակի հետ կապված՝ խնդիրը բոլորովին այլ հարթակ է տեղափոխվում, այսինքն` պահանջատիրության և փոխհատուցման: Նշեմ, որ այդ փոխհատուցումը միայն տարածքների վերադարձման հետ չէ կապված՝ գույքային փոխհատուցում, կալվածքներ, տներ և այլն: Մի քանի տարի առաջ էլ սկսվեց ցեղասպանության զոհերի բանկային ավանդների վերադարձման գործընթացը, որը ևս շատ լուրջ քայլ է:
-«Փերիչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործից բացի, ծանո՞թ եք արդյոք ՄԻԵԴ-ում այլ դատական գործի Հայոց ցեղասպանության հետ կապված:
Ցեղասպանության հետ կապված այլ դեպք հիմա չեմ կարողանում հիշատակել:
-Ինչպիսի՞ դիրքորոշում է որդեգրել ՄԻԵԴ-ը Հայոց Ցեղասպանության մասին:
Շատ դժվար է ասել, թե ՄԻԵԴ-ի դիրքորոշումն ինչպիսին կլինի, բայց Փերիեչեքն ըննդեմ Շվեյցարիայի գործի ժամանակ մենք տեսանք, որ նրանց դիրքորոշումն ավելի շատ ըննդեմ հայկական կողմին էր, չնայած նրա, որ Հայաստանը ներգրավված չէր դատական պրոցեսին: Կոլեկտիվ որոշում կկայացվի, որտեղ ամեն դատավոր իր դիրքորոշումը կարտահայտի, բայց ես գտնում եմ, որ կարծիքները տարբեր կլինեն:
Լիլիթ Շաբոյան
Իրավաբան.net