Ձերբակալվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը

Երևանում տեղակայված N զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում ապացույցներ են ձեռք բերվել՝ սպայական աձնակազմի կողմից դրսեւորված անգործության վերաբերյալ: Այդ մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ Քննչական Կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նյութերով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության անգործությունը, որն էական վնաս է պատճառել), որի շրջանակներում նշված հոդվածով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով փետրվարի 13-ին ձերբակալվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված N զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Ստեղծվել է քննչական խումբ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին փետրվարի 2-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Երկու քրեական գործերով էլ նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բացահայտման, բազմակողմանի հետազոտման ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել