Հովհաննես Մանուկյանը Պերմյակովի գործով ձեռնպահ մնաց «քաղաքական, հուզական հայտարարություններ անելուց»

Ազգային ժողովում պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Վալերի Պերմյակովի գործին, ապօրինի համարելով հունվարի 12-ին Գյումրիում հայ ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվողի ձերբակալման և ռուսական ռազմաբազա տեղափոխման գործողությունները: Նա հետաքրքրվեց, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունը քայլեր ձեռնարկում է, որպեսզի ապօրինությունը վերացվի և Պերմյակովը հանձնվի ՀՀ իրավապահ մարմիններին:

Հարցին պատասխանեց Արադարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Նա ասաց, որ ՀՀ և ՌԴ իրավապահ մարմինների կողմից իրականացվում են առանձին հանցակազմերով գործերի քննություն. «Այս առումով ՀՀ իրավասու բարձրաստիճան պետական մարմինները համապատասխան պարզաբանումներ և բացատրություններ են տվել, հարցերի լայն շրջանակի վերաբերյալ պարզաբանումներ է տվել գլխավոր դատախազը, երբ խորհրդարանում կազմակերպվեցին խորհրդարանական լսումներ: Սա նկատի ունենալով` կառավարությունն այս պահին նպատակահարմար չի համարում հավելյալ իրավական մեկնաբանություններ անել»,- նշեց նախարարը:

Հովհաննես Մանուկյանը պատճառաբանեց, որ գործը գտնվում է նախաքննության փուլում, ուստի, նրա խոսքերով` քաղաքական, հուզական կամ այլ բնույթի հարցադրումներն ու հայտարարությունները կարող են անհարկի միջամտություն լինել, ինչպես նաև վտանգ պարունակել` խանգարելու քրեական գործի համապատասխան իրավական ընթացակարգերին:

Բացի այդ նախարարը նշեց, որ առկա է երկու երկրների իրավապահ մարմինները արդյունավետ համագործակցում են:

Նիկոլ Փաշինյանը հակադարձեց. «Ինչո՞ւ ձեր կառավարությունը և առնթեր մարմինները, ի վիճակի չեն եղել ապահովել օրենքի պահանջի հստակ պահպանումը, որպեսզի ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ կատարած անձը օրենքին և միջազգային պայմանագրին համաձայն պատասխանատվության ենթարկվի, հիմա ես պայմանագրի անվանումն էլ մեջբերեմ, որ իրավական դաշտում մնաք, այն է` ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի և նրանց կենսագործունեության պայմանների մասին պայմանագիր: Այս պայմանագրի 5-րդ հոդվածի համաձայն` սահմանախախտը պետք է հանձնվեր ՀՀ իրավապահ մարմիններին, ես Ձեզ հարց եմ տալիս` ինչո՞ւ Ձեր կառավարությունը չի ապահովել այս իրավական դրույթի ապահովում, Դուք ասում եք` հուզական-քաղաքական, ոչ հուզական, ոչ էլ քաղաքական, կոնկրետ հարցիս տվեք կոնկրետ պատասխան»:

Արդարդատության նախարարն, իր խոսքերով, տվեց կոնկրետ պատասխան. «Հուզական-քաղաքականը ձեր հարցին չէր վերաբերում: Ես ուզում եմ կրկնել, որ ՀՀ կառավարությունն իր իրավասության շրաջանակներում անում է ամեն անհրաժեշտը, որպեսզի գործի քննությունը հանգուցալուծում ունենա իրավական տեսանկյունից ճիշտ և նաև բավարարի մեր հասարակության արդարացումներն արդար լուծման տեսանկյունից»:

Տեսանյութը` «Ա1+»-ից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել