Սեյրան Օհանյան ներկայացրել է կախված վիճակում հայտնաբերված զինվորի սպանության մանրամասները

Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած խորհրդարանական լսումների ընթացքում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոսել է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի զորամասի մարզահրապարակում հունվարի 29-ին կախված վիճակում հայտնաբերված զինծառայող Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի վերաբերյալ:

Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի 4 համածառայակիցների նկատմամբ։

Սեյրան Օհանյանը ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանի հարցին պատասխանելով` ասել է. «Տեղի է ունեցել սպանություն, փաստի շուրջը հարուցված է քրեական գործ: Առաջին հերթին պարզվել է, որ միջանձնային հարաբերությունների խախտման արդյունքում է տեղի ունեցել տվյալ դեպքը, դեպքին նախորդել են ոգելիչ խմիչքի օգտագործման փաստ մի քանի կուրսանտների կողմից, այնուհետև վիճաբանություն, որի արդյունքում մի քանի էպիզոդներով գիշերվա պահին ծեծկռտուքներ են եղել, այնուհետև դրանք վերածվել են ավելի խիստ միջոցների ձեռնարկման և հանգեցրել սպանության»:

Բացի այդ նախարարը հիշեցրել է, որ ինստիտուտի պետը դեպքից հետո հեռացվել է պաշտոնից: Նա նաև նշել է, որ իր հրամանով անցկացվել է ծառայողական քննություն. «Իմ հրամանով ազատվելու են պաշտոնից երեք տեղակալնել, բաժանմունքի պետեր` մինչև մոտ երեսուն հոգի, որոնցից մի մասը կազատվեն զինված ուժերից, կնշանակվեն ցածր պաշտոնի կամ կտեղափոխվեն զորքեր»,- ընդգծել է նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել