Կենսաթոշակային համակարգի շրջանակներում իրականացվող ծրագրերի արդյունքի վրա հիմնված մոնիտորինգի և գնահատման օբյեկտիվ, հեռանկարային ու համակարգաստեղծ մեթոդաբանությունը կատարելագործելու և փորձարկելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի կողմից ստեղծվել էր աշխատանքային խումբ:
2014թ. հունիս-դեկտեմբեր ամիսներին նրանց կողմից ուսումնասիրվեց և մշակվեց «Աշխատանքային կենսաթոշակներ» ծրագրի արդյունքի վրա հիմնված մոնիթորինգի և գնահատման լրամշակված մեթոդաբանությունը` ձևավորված միջազգային լավագույն փորձի և Հայաստանում գործող մոնիթորինգի և գնահատման համակարգի մեխանիզմների համադրմամբ:
Փետրվարի 2-ին նախարարության խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ աշխատանքային առաջին քննարկումը, որտեղ նոր, հստակ ու համակարգված ձևաչափով մասնակիցներին ներկայացվեց «Աշխատանքային կենսաթոշակներ» ծրագրի մոնիթորինգի և գնահատման ամբողջ գործընթացը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:
Բարձր գնահատելով և կարևորելով համակարգի կայացմանն ուղղված աշխատանքները` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդգծեց, որ աշխատանքային խմբի կողմից մշակված նոր և համակարգված մեթոդաբանությունը, ինչպես նաև ամբողջական, բազմակողմ և համակարգված ցուցանիշների վերաբերյալ տվյալների ստացումը կարող է հիմք հանդիսանալ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող յուրաքանչյուր ծրագրի արդյունավետ ու օբյեկտիվ գնահատումն ապահովելու համար: Նոր մեթոդաբանությունը հիմնվելով բազմաթիվ ցուցանիշների համադրման և վերլուծության վրա` հնարավորություն կունենա գնահատել դիտարկվող ծրագրի արդյունքները, վերհանել բացթողումներն ու նպատակային արդյունքների նկատմամբ փաստացի կատարողականի տարբերությունները:
«Մեր նպատակն է մշակել մոնիթորինգի և գնահատման այնպիսի ամբողջական համակարգ, որը կխուսափի սուբյեկտիվ մոտեցումներից և կիրականացնի օբյեկտիվ գնահատում` վերհանելով մատուցվող ծառայությունների բացթողումներն ու թերությունները: Պետք է հստակ ձևակերպել յուրաքանչյուր ծրագրի նպատակները, խնդիրներն ու հարցադրումները, որոնց առաջադրված լուծումներն ինքնին կարևորագույն խթան կհանդիսանան քաղաքականություն մշակողների և իրականացնողների համար: Կարևորում եմ այս հեռանկարային գործընթացը և հորդորում լինել առավել պահանջկոտ ու հետևողական»,-իր խոսքում նշեց պարոն Ասատրյանը:
Լուսանկարը՝ mlsa.am-ի: