Մենք պետք է շարունակենք մեր պայքարը «Կանք, պիտի լինենք և դեռ շատանանք» կարգախոսով. Հրանուշ Հակոբյան

Այսօր կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի 2015թ. առաջին նիստը: Համաձայն օրակարգի ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ս. Պետրոսյանը ներկայացրեց հաշվետվություն ՀՀ ՍՆ կողմից Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ՀՀ Սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Զեկուցողը կարևորեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ընդունված համահայկական հռչակագրի հրապարակումը՝ որպես քաղաքական փաստաթուղթ, որի հիման վրա նախարարությունը պետք է կառուցի իր հետագա քաղաքականությունը: Նա մասնավորապես նշեց. «Այսօր ունենք աննախադեպ համախմբվածություն հայոց պետականության շուրջ, որը լուրջ հանգրվան է Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հատուցման պահանջատիրության համար»:

Խոսվեց 2015թ. նախատեսված միջոցառումների կազմակերպման, նպատակների և սպասվող արդյունքների մասին:

ՀՀ սփյուռքի նախարարը լրացրեց ասվածը՝ նշելով.  «Աշխարհի շատ երկրներում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ, շարժումներ են կազմակերպվում, գիտաժողովներ են անցկացվում, գրքեր, ֆիլմեր, պաստառներ են ստեղծվում, հուշարձաններ, խաչքարեր են տեղադրվում: Ապրիլի 12-ին Հռոմի Պապը պատարագ կմատուցի Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, իսկ ապրիլի 23-ին  Հայ Առաքելական եկեղեցին կանցկացնի սրբադասման կարգ: Ցեղասպանության 100-րդ տարելիցը մեր պայքարի մեկ փուլն է միայն: Մենք պետք է շարունակենք մեր պայքարը «Կանք, պիտի լինենք և դեռ շատանանք» կարգախոսով:

Լուսանկարը՝ mindiaspora.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել