Առուշանյանները դադարեցրին հացադուլը

ՀՀ նախագահականի դիմաց հացադուլը դադարեցրել են Առուշանյան ընտանիքի անդամները: Այս մասին Իրավաբան.net-ին փոխանցեց Լավրենտի Առուշանյանը:

Հիշեցնենք` հունվարի 20-ից սկսած Ա․Ա․-ի 12 ազգականները հացադուլ էին սկսել` պահանջելով արդար դատաքննություն, երեկ նրանցից 4-ն էին հացադուլի մեջ: «HSBC» բանկի նախկին աշխատակից Աշոտ Առուշանյանն ու Էդգար Կարաքեշիշյանն առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել «Մանանա Գրեյն» ՍՊԸ փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից 56 միլիոն 400 000 դրամի գողություն կատարելու մեջ: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Աշոտ Առուշանյանին դատապարտել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել, սակայն` ապարդյուն (գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ` այստեղ):

Լավրենտի Առուշանյանը փոխանցեց, որ երեկ գիշերը կտրուկ վատացել է իր կնոջ Անահիտ Առուշանյանի ինքնազգացողությունը, որն էլ ստիպել է ընտանիքի չորս անդամներին դադարեցնել հացադուլը. «Մենք որոշեցինք հացադուլը փոխարինել նստացույցով, ևս չի բացառվում, որ այն փոխարինվի հացադուլով»:

Պարոն Առուշանյանը տեղեկացրեց նաև, որ հունվարի 31-ին Անահիտ Առուշանյանը կարճ զրույց է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով ասել է, որ Ա․Ա․-ի գործն անցել է բոլոր ատյաններով և առաջին ատյանի դատավճիռը մնացել է նույնը. «Մենք նպատակ ունենք հանդիպել նախագահին, որպեզի նրան հասցնենք այն ապօրինությունները, որը գործում է դատաիրավական համակարգում: Մենք նպատակ ունենք նրան իրազեկել` ովքեր են կանգնած Առուշանյանի գործի ապօրինությունների ետևում: Ես այսօր նամակ եմ հանձնել ՀՀ նախագահին, որպեսզի նա մեզ ընդունի մինչև գործով Վճռաբեկ դատարանի որոշումը»,- փոխանցեց պարոն Առուշանյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին Անահիտ Առուշանյանը բուժվում է տանը:

Գևորգ Թոսունյանը

Լուսանկարները` հեղինակի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել