Քաղաքացիական հասարակության ինստիտուտը դատապարտում է ավտոերթի ժամանակ տեղի ունեցածը

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի հայտարարություն է արել հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանի կազմակերպած ավտոերթի ժամանակ Բերձորում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Հայտարարության մեջ ասվում է.

«Ս. թ. հունվարի 31-ին իրազեկման ակցիա իրականացնելու նպատակով դեպի Արցախ ուղևորվող Հիմնադիր խորհրդարանի անդամների ավտոերթը ԼՂՀ ոստիկանության կողմից կանգնեցվել է Բերձորում: Հայտնի է, որ իրազեկման ակցիան պիտի կայանար դեռևս 2014թ. դեկտեմբերին, սակայն սահմանին տիրող իրավիճակի պատճառով խիստ անցանկալի է համարվել ԼՂՀ իշխանությունների կողմից, ինչի մասին վերջիններս տեղյալ են պահել Հիմնադիր խորհրդարանի անդամներին: Ոստիկաններից բացի, Բերձորում ավտոերթի մասնակիցներին դիմավորել են նաև քաղաքացիական հագուստով անձինք, որոնց մի մասը դիմակավորված էր: Ինչպես երևում է ԼՂՀ իշխանությունների կողմից տարածած տեսանյութից, այնտեղ էին հավաքվել նաև ավտոերթին դեմ արտահայտվող քաղաքացիների մեծաքանակ խումբ:

Պնդելով, որ Հիմնադիր խորհրդարանի ակցիան պատճառ է ԼՂՀ բնակչության շրջանում լարվածության ձևավորմանը և դժգոհության տարածմանը՝ ԼՂՀ ոստիկանությունը ավտոերթի մասնակիցների նկատմամբ կիրառել է անհամաչափ ուժ, որի հետևանքով մի քանի անձ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածք և դիմել են բուժօգնության, դիտավորությամբ վնասվել են երթին մասնակցող ավտոմեքենաները, ոչնչացվել են կատարվածը տեսանկարահանող օպերատորների տեսախցիկները, այսինքն՝ տեղի է ունեցել նաև ուրիշի գույքի դիտավորյալ վնասում/ոչնչացում: Հիմնադիր խորհրդարանի տարածած տեսագրություններից ակնհայտ երևում է, որ ոստիկանները, փակելով ճանապարհը, շարունակել են մահակներով հարվածելով վնասել ավտոմեքենաները անգամ հետադարձ կատարելուց հետո։ Ողջ միջադեպի ընթացքում ոստիկաններն ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից և կատարել գործողություններ, որոնք խախտում են անձանց իրավունքները և ազատությունները և հանդիսանում են արգելված արարքներ՝ հանցագործություններ թե՛ ՀՀ, և թե՛ ԼՂՀ քրեական օրենսգրքերով:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում ՀՀ և ԼՂՀ իշխանություններին.
– Նշված փաստերով հարուցել քրեական գործ և ապահովել արդյունավետ քննություն,
– Հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին,
– Ապահովել հավաքների ազատության իրավունքի իրականացումը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել