Ինչպե՞ս է հայկական պատվիրակությունը քվեարկել ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության լիազորությունները ժամանակավոր դադարեցնելու հարցում

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամլո ասուլիսը: Պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, անդամներ Արփինե Հովհաննիսյանը եւ Նաիրա Կարապետյանը մանրամասներ են ներկայացրել հունվարի 26-30-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ այս տարվա առաջին լիագումար նիստի աշխատանքներից: Հաղորդում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Հերմինե Նաղդալյանն ասել է, որ լիագումար նիստի օրակարգը բավական հագեցած է եղել, հաստատվել են պատվիրակությունների լիազորությունները, ընտրվել են ԵԽԽՎ մարմինները, քննարկվել են մի շարք զեկույցներ:

ԵԽԽՎ բյուրոյի հաշվետվությանը ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ հայկական պատվիրակությունը: Քննարկված զեկույցներից երկուսը վերաբերել են ՈՒկրաինայում ստեղծված հումանիտար ճգնաժամին, աշխարհում ահաբեկչության խնդիրներին:

Մի շարք զեկույցներ էլ վերաբերել են մամուլի ազատության եւ լրագրողների պաշտպանվածության հարցերին, քրիստոնյաների նկատմամբ իրականացվող խտրականությանն ու անհանդուրժողական վերաբերմունքին: Քննարկվել է նաեւ ՌԴ պատվիրակության լիազորությունները մինչեւ ապրիլ դադարեցնելու հարցը, որին, ինչպես տեղեկացրել է Հերմինե Նաղդալյանը, հայկական պատվիրակությունը ձեռնպահ է քվեարկել: Կայացված որոշումից հետո՝ ՌԴ պատվիրակությունն իր հերթին որոշել է մեկ տարով դադարեցնել իր մասնակցությունը ԵԽԽՎ աշխատանքներին:

Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը գոհունակությամբ տեղեկացրել է, որ պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի հիմնական անդամ: Նա մանրամասնել է, որ վերոնշյալ հանձնաժողովը բաղկացած է 20 անդամից, որոնցից 6-ի, ինչպես նաեւ՝ Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը, ներկայացրել է Եվրոպայի Ժողովրդական Կուսակցությունը: Բացի այդ՝ ԵԽԽՎ պատգամավորները նախաձեռնել են նոր միավորում, որի նպատակն է պայքարել ատելության, անհանդուրժողականության եւ ժխտողականության դեմ: Այս միավորմանը հայկական պատվիրակությունից անդամակցում են Հերմինե Նաղդալյանը եւ Մհեր Շահգելդյանը:

Ի պատասխան լրագրողների հարցերի` պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին անդրադարձ է եղել ազատ քննարկման ժամանակ, որտեղ հայ պատվիրակները խոսել են եւ տեղի ունեցած ցեղասպանության, եւ այսօր իրականացվող ժխտողական քաղաքականության անթույլատրելիության վերաբերյալ:

Լուսանկարը՝ parliament.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել