Հայաստանը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր սցենարի, նշել է Հովիկ Աբրահամյանը տնտեսական վայրիվերումների համատեքստում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետի նախաձեռնությամբ մեկ անգամ ևս քննարկվել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունը, որը հարուցել է տնտեսվարող սուբյեկտների մի մասի դժգոհությունը: Այս մասին հաղորդում է ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունը:
ՀՀ տնտեսության վրա համաշխարհային տնտեսության վերջին ժամանակաշրջանի զարգացումների բացասական ազդեցությունը չեզոքացնելու նպատակով ՀՀ կառավարությունը միջոցներ է ձեռնարկել արտարժութային կապիտալի ներհոսք ապահովելու նպատակով: Օգտվելով միջազգային ֆինանսական շուկաներում ներկայումս ձևավորված բարենպաստ միջավայրից, որը կարող է կարճաժամկետ լինել, գործադիրը նպատակահարմար է համարել արտարժութային պարտատոմսերի թողարկումը: Այդ գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ է ունենալ միջազգային իրավախորհրդատու և գլխավոր տեղաբաշխող, որը համակարգում է տեղաբաշխման գործընթացը, իրականացում մարքեթինգային ռազմավարությունը, պատասխանատու է պարտատոմսերի տեղաբաշխման համար: Կառավարությունը որոշել է միջազգային իրավախորհրդատուի և գլխավոր տեղաբաշխողի ծառայությունների գնումն իրականացնել բանակցային ընթացակարգով, ՀՀ ֆինանսների նախարարին լիազորել ՀՀ կառավարության անունից ստորագրել համապատասխան պայմանագրերը: Ակնկալվող արդյունքը ՀՀ 2015թ. պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորումն է: Հարցի առնչությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը համաշխարհային տնտեսության վերջին տարիների վայրիվերումները բնութագրել է իբրև տնտեսական պատերազմ և շեշտել, որ մեր երկիրը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր սցենարի: ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբը քննարկել է երկրի տնտեսության դիմադրողականությունը և պաշտպանվածությունը մեծացնելու ուղիներ: Արտահանումը խթանելու օրինագիծն արդեն իսկ ուղարկվել է Ազգային ժողով և կքննարկվի առաջին քառօրյայում: Արտարժութային պարտատոմսերի թողարկումը պետք է դիտարկել միջազգային շուկաներից փող բերելու հնարավորության տեսակետից: Գումար ներգրավելը ազդակ լինի, որպեսզի խոշորածավալ ենթակառուցվածքային ծրագրերի համար այլ ներդրողներ ևս ի հայտ գան: Աշխատանքային խումբը ձեռնարկում է համաշխարհային տնտեսության տատանումից ծագող մարտահրավերները չեզոքացնելու այլ միջոցներ ևս:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված ընտանեկան, սոցիալական նպաստները և հրատապ օգնությունը, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստների նշանակման և վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության որոշմամբ, որի մեկ տարվա գործողության ընթացքում առաջացել է իրավակիրառական որոշ դրույթների հստակեցման անհրաժեշտություն: Այդ որոշման մեջ գործադիրը կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով օպտիմալացվում են նպաստների նշանակման և վճարման ընթացակարգերը և ապահովվում է պետական նպաստների համակարգի բնականոն գործունեությունը:
Իր ընդունած հինգ որոշմամբ գործադիրը, ի կատարումն 2001թ. հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառման ու գրանցման, պետական քարտադարանի ստեղծման և վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման պահանջների, լրացրել է Հայաստանի մարզերի և Երևան քաղաքի աշխարհագրական օբյեկտների անվանումների ցանկը, որից կարող են օգտվել ցանկացողները:

Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության պայմանագրին միանալուց հետո Հայաստանում կգործեն ՀՀ և ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերը, որոնց պահանջների վերահսկողությունն ապահովելու նպատակով կառավարությունը սահմանել է պետական վերահսկողություն իրականացնող մարմիններ: Որոշմամբ այդպիսի մարմիններ են սահմանվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը:

ՀՀ կառավարությունն իր որոշմամբ անհետաձգելի է համարել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը:
2015թ. օգոստոսի 2-ից 13-ը Համահայկական ամառային վեցերորդ խաղերը կազմակերպելու և անցկացնելու նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվել է կազմկոմիտե և հաստատվել դրա կազմը: Կառավարության ղեկավարը նշել է, որ համահայկական խաղերն արդեն 16 տարվա պատմություն ունեն, անցկացվել է հինգ ամառային և մեկ ձմեռային նման միջոցառում: Խաղերի հավուր պատշաճի կազմակերպումը վարչապետը հատկապես կարևորել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի համատեքստում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել