Կարևոր բաների մասին չեք խոսում. վարչապետը` նախարարներին

ՀՀ կառավարության այսօրվա նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խնդրանքով ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը խոսեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ առաջացած դժգոհություններից:

Պարոն Միրումյանը շեշտեց, որ փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխություններով կառավարությունը նախատեսում է փոխզիջումային տարբերակ. «Պետությունը շեշտակի նվազեցրեց հարկային բեռը, փոխարենը սահմանելով փաստաթղթային պահանջ: Առևտրականների խնդրանքով կառավարությունը որոշեց հետաձգել օրենքը: Այն պայմանավորված էր այն հանգամանքով, որ մեր հարկ վճարողները բարձրաձայնում էին, որ ունեն չկարգավորված խնդիրներ: Նշեմ նաև, որ փոփոխություններով էականորեն հեշտացվել է ապրանքների գույքագրման ձևը, միայն մեկ անգամ տարվա մեջ ներկայացվում է գույքագրման փաստաթուղթը»,- ընդգծեց նախարարի տեղակալը: Վարչապետը նշեց, որ ամենայն հավանականությամբ այսօր հանդիպում կունենա ՓՄՁ ներկայացուցիչների հետ. «Ըստ էության` մենք ինչ պայմանավորվածություն ունեցել ենք, այդ պայմանավորվածությունները կատարել ենք»,- եզրահանգեց նա:

Այնուհետև Վախթանգ Միրումյանը նրկայացրեց ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 22-ի N 1356-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծը:

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակված և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացված ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է կանոնակարգել պետական գնումների համակարգում արձանագրված մի շարք խնդիրներ: Նախագիծը ներկայացնելուց հետո վարչապետը ասաց, որ նախարարի տեղակալը շրջանցել է առանցքային կետերը. «Ես մի անգամ ասել եմ, էլի կասեմ` կարևոր բաներից չեք խոսում, պարոն Միրումյան: Նույնը առողջապահության նախարարությունը, նույնը ուրիշները: Այս նախագծով մենք մեր ներքին արտադրողին տալիս ենք հնարավորություն արդյունավետ կատարել իր գործունեություննը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել