Քննարկվել է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի՝ նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ ռեզիդենտ հարկ վճարողի համար շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկվում է 2 տոկոս դրույքաչափով, եթե հարկ վճարողը ՀՀ կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագրի շրջանակներում հաշվետու տարվա ընթացքում ՀՀ տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանել է առնվազն 50 մլրդ. դրամի մաքսային արժեքով ապրանքներ: Միաժամանակ, առաջարկվում է շահութահարկի նվազեցված դրույքաչափի կիրառության համար օրենքով նախատեսել այլ նախապայմաններ:

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ներկայացրել է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է գործող օրենքի դրույթները տարածել նաեւ իրավաբանական անձանց վրա:

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ քննարկված օրինագծերը եւ օրենսդրական նախաձեռնությունները կընդգրկվեն ԱԺ յոթերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովը երկրորդ ընթեցմամբ քննարկել է «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը եւ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ու «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Նիստում Հրանտ Բագրատյանը շրջանառությունից հանել է իր հեղինակած «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Լուսանկարը՝ parliament.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել