ՀՀ Նախագահն ուղերձ է հղել Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ

Այսօր՝ հունվարի 27-ին նշվում է Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը:  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձով է հանդես եկել Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ:  Նախագահի ուղերձը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

«Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, հիրավի, մարդկության պատմության ամենադաժան և ողբերգական էջերից մեկն է: Հունվարի 27-ը, որը խորհրդանշում է Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատագրումը, Հոլոքոստի չարիքին վերջ դնելու կարևորագույն հանգրվաններից եղավ:

Հոլոքոստի զոհերի ոգեկոչումը և այդ եղեռնագործության դատապարտումը արդիական է այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհում շարունակում են գլուխ բարձրացնել ազգային, ռասայական, կրոնական հողի վրա հիմնված ատելության և անհանդուրժողականության ամենատարբեր դրսևորումները, քանի դեռ չի վերացել մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կրկնության սպառնալիքը:

Աներկբա ճշմարտություն է, որ ցեղասպանությունների զոհերին մոռացության մատնելը և ժխտողականությունը՝ հատկապես պետական մակարդակով, այդ ոճրագործության փուլերից մեկն է: Այն կրկնակի հանցանք է ոչ միայն անմեղ զոհերի, այլև ներկայի ու ապագայի հանդեպ: Թերևս հնարավոր լիներ կանխել Երկրորդ համաշխարհային պատերազմի քողի ներքո իրականացված ոճրագործությունները, եթե Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մարդկության դեմ իրականացված հանցագործությունները միջազգային լիարժեք դատապարտման արժանանային, իսկ դրանց պատասխանատուները կրեին արժանի պատիժ:

Վերստին խոնարհվելով Հոլոքոստի անմեղ զոհերի հիշատակի առջև՝ ցանկանում եմ զորակցություն և համերաշխություն հայտնել հրեա ժողովրդին, Հայաստանի հրեական համայնքին: Հայ ժողովուրդը, որն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, առավել քան հաղորդակից է հրեա ժողովրդի ցավին:

Վերահաստատում եմ մեր հանձնառությունը համատեղ պայքարելու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ՝ «այլևս երբեք» ասելու վճռականությամբ»:

Հավելենք, որ հունվարի 27-ը որպես հիշատակի օր հաստատվել է 2005թ. նոյեմբերի 1-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի A/RES/60/7 բանաձևի որոշմամբ: Բանաձևը հղում է կատարում միջազգային իրավական մի շարք նորմատիվ ակտերի, այդ թվում և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային կոնվենցիային, և մասնավորապես, Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիային: Հունվարի 27-ը որպես հիշատակի օր ճանաչելուն զուգահեռ, այս բանաձևը նաև վերահաստատում է ՄԱԿ-ի կողմից հոլոքոստի՝ որպես պատմական փաստի ամբողջական կամ մասնակի հերքման դատապարտումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել