Վալերի Պերմյակովի դատաքննությունը պետք է բաց լինի. Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանըմ վերհիշելով ՀՀ երրորդ հանրապետության տարիները, պնդում է, որ Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանդի նման հետևանքներով իրավիճակներում առհասարակ Հայաստանն ու Ռուսաստանը չեն հայտնվել:

«Ուստի իրավական կարգավորումները պետք է ավելի հստակ լինեն: Ամենայն հավանականությամբ ոչ ոք չէր ակնկալում, որ նման բան առհասարակ կարող էր տեղի ունենալ: Ինձ համար` որպես իրավաբանի դժվար է խոսել այդ մասին: Ես չեմ կարծում, որ ռուսները կփորձեն ավելի մեղմ վերաբերվել կամ փրկել Վալերի Պերմյակովին»,- շեշտեց փաստաբանը:

Ըստ նրա` հասարակության շրջանում ցասումն այս աստիճան չէր լինի, եթե ժամանակին իրավապահ մարմինները համապատասխան տեղեկատվություն տրամադրեին. «Ժամանակին պետք էր ամեն ինչ բացատրել, պետք է արձագանք լիներ` թե՛ ռուսական, և թե՛ մեր պաշտոնյաների կողմից` միգուցե համատեղ ասուլիս կազմակերպվեր: Ես համոզված եմ, որ այդ հանցագործը ցմահը կստանա ու կգնա, բայց որպեսզի հետագայում չլինեն խոսակցություններ ու շահարկումներ, հարկավոր է ապահովել գործընթացի թափանցիկությունը, դատաքննությունը պետք է բաց լինի, իսկ հանցագործը ստանա արդարացի պատիժ: Արդարադատությունը պետք է աշխատի, որովհետև կանցնեն տարիներ ու միգուցե պարզ դառնա, որ մարդուն էմոցիաներով դատել են, իսկ իրականում նա չի եղել հանցագործություն կատարած անձը, սա է պետք բացառել»,- ասաց պարոն Աթանեսյանը` ընդգծելով, որ ո՛չ հայկական, ո՛չ էլ ռուսական կողմն իրենց բարձրունքի վրա չգտնվեցին և հասարակության հետ երկխոսություն չսկսեցին:

Բացի այդ պարոն Աթանեսյանը նաև ադրադարձավ այն պահանջին, որ հենց Հայաստանի դատարանում պետք է իրականացվի Գյումրու սպանդի գործի դատաքննությունը. «Այդ պահանջը դնող մարդիկ որտե՞ղ են տեսել հայկական դատարանը, ես այդ հարցն եմ ուզում տալ, որտե՞ղ են տեսել հայկական արդարադատությունը: Չգիտես ինչու` այդ պահին, այդ ողբերգության մեջ հիշեցինք, որ մենք անկախ, ինքնիշխան պետություն ենք, իսկ ինչո՞ւ ամեն օր չենք հիշում դա: Բայց այս կարծիքը դուրեկան չէ, հիմա, ոնց որ թե, պետք է միասին լինես բոլորի հետ»,- փոխանցեց մեր զրուցակիցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել