Վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է նորանշանակ դատավորներին

ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ հունվարի 19-ին և հունվարի 20-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել նույն դատարանի նորանշանակ դատավոր Գոռ Թորոսյանին, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել նույն դատարանի նորանշանակ դատավորներ Հովիկ Շահնազարյանին և Արթուր Ստեփանյանին, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել նույն դատարանի նորանշանակ դատավոր Տաթևիկ Ստեփանյանին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին ու դատավորներին է ներկայացրել նույն դատարանի նորանշանակ դատավոր Հայարփի Զարգարյանին, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել նույն դատարանի նորանշանակ դատավորներ Սամվել Մատինյանին, Սերգեյ Սահակյանին և Հարություն Պետրոսյանին:

Հիշեցնենք, որ Գոռ Թորոսյանը, Հովիկ Շահնազարյանը, Արթուր Ստեփանյանը, Տաթևիկ Ստեփանյանը, Հայարփի Զարգարյանը, Սամվել Մատինյանը, Սերգեյ Սահակյանն ու Հարություն Պետրոսյանը վերոնշյալ դատարանների դատավորներ են նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի ՆՀ-655-Ա հրամանագրով:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և, բարձր գնահատելով նրանց գիտելիքներն ու պատրաստվածությունը, հույս է հայտնել, որ նրանք պատասխանատվությամբ կմոտենան որպես դատավոր իրենց առաքելության իրականացմանը:

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են դատական համակարգի գործունեության մի շարք հարցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել