ՀՀ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում տեղադրվել է Սահմանադրական դատարանի 2014թ. N4 տեղեկագրի առցանց տարբերակը: Տեղեկագրի սույն հրատարակման բովանդակությունը հիմնականում նվիրված է ՀՀ ՍԴ կայացրած որոշումներին: Տեղեկագրին կարող եք ծանոթանալ այստեղ:
Նշենք, որ 1996թ. դեկտեմբերի 18-ին, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 55 աշխատակարգային որոշմամբ, ՍԴ տեղեկագրի նախապատրաստման եւ հրատարակման նպատակով ստեղծվեց խմբագրական խորհուրդ։ Խմբագրական խորհրդի կազմում են. Գ. Հարությունյան, Վ. Ստեփանյան, Վ. Հովհաննիսյան, Վ. Պողոսյան, Ա. Հակոբյան
1997թ. փետրվարի 6-ին, ՀՀ սահմանադրական դատարանի կազմավորման օրվանից ուղիղ մեկ տարի հետո, լույս տեսավ ՀՀ ՍԴ եռամսյա պարբերականի առաջին համարը՝ 4 տպագրական մամուլ ծավալով։ 2002 թ-ից տեղեկագիրը հրատարակվում է 6 մամուլով:
ՀՀ ՍԴ-ի գործունեությունը հասարակությանը ներկայացնելուն էր կոչված դատարանի տեղեկագիրը։ ՀՀ ՍԴ տեղեկագրի համարներում՝ «Վերլուծական նյութեր», «Երիտասարդ գիտնականի ամբիոն», «ՀՀ ՍԴ որոշումները», «Միջազգային լրատու», «Մարդու իրավունքների պաշտպանություն», «Տեղեկատվություն», «ՀՀ սահմանադրական դատարանում», «Նոր գրքեր» եւ այլ խորագրերի ներքո տպագրվել են ՀՀ ՍԴ որոշումներ, գիտավերլուծական, ճանաչողական եւ տեղեկատվական հոդվածներ, նամակներ, ինչպես նաեւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի, արտասահմանյան երկրների սահմանադրական արդարադատության մարմինների մի շարք որոշումներ։