«Բավականին զգուշավոր պետք է լինենք». Արամ Օրբելյանը` քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունների մասին

Քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունները միանշանակ անհրաժեշտ են: Փոխանցեց Կոնցեռն-Դիալոգ փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը:

«Ուղղակի այդ փոփոխությունների ծավալը պետք է գնահատվի ամեն մի հայացակարգով և ինստիտուտներով: Բավականին զգուշավոր պետք է լինենք: Կա հետևյալ խնդիրը`առկա են նորմեր, որոնք կիրառվել են երկար ժամանակ, առաջացել են որոշակի սովորույթներ, կիրառման պրակտիկա, դատական պրակտիկա: Կան Վճռաբեկ դատարանի որոշումներ, որոնք մեկնաբանում են այդ նորմերն ու դրույթները: Այս ամենը հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ ու կիրառել նշյալ նորմերը: Այսինքն` պրակտիկայի առկայությունը միշտ հնարավորություն է տալիս հասկանալ` որ ուղղությամբ պետք է մեկնաբանվի այդ դրույթը»,- շեշտեց պարոն Օրբելյանը:

Անդրադառնալով Քաղաքացիական օրենսգրքի բացերին` նա էական խնդիր համարեց տիրապետման իրավունքի նորմերը, սեփականության իրավունքի ձևակերպումներում բացեր տեսավ, իսկ թերացում տեսավ գրավի ինստիտուտի իրավակարգավորումներում. «Գրավը, լինելով գույքային իրավունք, փաստացիորեն կատարելով ապահովող գործառույթ, այն իր էությամբ ապահոման միջոց չէ, այն գույքային իրավունք է և այդպես էլ պետք է ձևակերպվի: Փաստացի, ռեալ տնտեսական հարաբերություններում գրավն ապահովում է, բայց դա իրավական տեսակետից որպես ապահովման միջոց չպետք է դիտարկվի»,- փոխանցեց մեր զրուցակիցը:

Հաջորդիվ պարոն Օրբելյանը լուրջ խնդիր է տեսնում օրենսգրքում տեղ գտած կրկնությունների մեջ, այս տեսանկյունից նա դիտարկեց մտավոր սեփականության բաժինը և կորպորատիվ իրավունքի դաշտի կարգավորումները. «Ստացվում է, որ քաղաքացիական օրենսգիրքը, ասես թե, օրենք չլինի, այլ ուղեցույց, իսկ այն գործող օրենք է` անկախ նրանից ինչ հիմա ունենք: Այսինքն` այն մոտեցումը, որ մենք ունենք` օրենսգիրք, որը պետք է ուղեցույց լինի, հետո դրանից բխեն օրենքներ, չի համապատասխանում մեր Սահմանադրությանը: Ուղեցույցները հայեցակարգերն են ու գիտական փաստաթղթերը և այլն, օրենքն այդպիսին չի կարող լինել»:

Բացի այդ փաստաբանը նաև խոսեց, այսպես կոչված, չկիրառվող կամ էլ «մեռած» նորմերի մասին. «Երբ ես փորձեցի տեսնել վերջին լիակատար ընկերակցությունը երբ է գրանցվել, թե չեմ սխալվում 15 տարի առաջ է դա եղել, այսինքն` կան դրույթներ, որոնք պետք է թարմացվեն»,- ասաց նա:

Այդուհանդերձ, պարոն Օրբելյանը գտնում է, որ միայն օրենսդրական բլոկի փոփոխությամբ պայմանավորված չպետք է լինեն դաշտի կարգավորման աշխատանքները. «Միգուցե օրենսգրքի փոփոխությունից հետո կարիք կլինի մի շարք պարզաբանող գործընթացներ իրականացնել` կլինեն դրանք քոմմենթներ, հոդվածներ, ինչու չէ նաև դասընթացներ: Այսինքն` տվյալ պարագայում պետք է աշխատել նաև նոր փոփոխությունների լայն հասարակությանն ու մասնագիտական հասարակությանը տեղեկացնելու ուղղությամբ»,- եզրահանգեց Կոնցեռն-Դիալոգ փաստաբանական գրասենյակի ավագ գործընկերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել