ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուներից ո՞վ չի համարվել բավարար ճանաչում ունեցող իրազեկ իրավագետ

ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի հոկտեմբերի 13-ի ՆՀ-543-Ա հրամանագիրը Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի հունվարի 12-ի ՆՀ-2-Ա հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվելու կապակցությամբ հայտնում ենք, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության համար թեկնածուների վերաբերյալ փորձագետների խորհրդատվական խմբի (այսուհետ՝ Խորհրդատվական խումբ) հարցմանն ի պատասխան, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը դեռևս 2014 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով Խորհրդատվական խմբին տրամադրել է լրացուցիչ տեղեկատվություն ներպետական մրցույթում հաղթող ճանաչված թեկնածուների վերաբերյալ, նրանց կենսագրությունները և թեկնածուների ընտրության ընթացակարգի նկարագրությունը:

Խորհրդատվական խումբը ներկայացված տեղեկատվության վերլուծության արդյունքում՝ ելնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորին ներկայացվող անձնական և մասնագիտական բարձր որակական հատկանիշների վերաբերյալ պահանջներից, Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին ներկայացվելիք դատավորի երեք թեկնածուների վերաբերյալ կարծիք է հայտնել առ այն, որ թեկնածուներից երկուսը՝ Արայիկ Ղազարյանը և Արմեն Հարությունյանը, բավարարում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորին ներկայացվող պահանջներին:

Անդրադառնալով Հանձնաժողովի կողմից սեռերի ներկայացվածության սկզբունքի կիրառման արդյունքում թեկնածուների ցուցակում ընդգրկված Նելիկ Հարությունյանին՝ Խորհրդատվական խումբը նշել է, որ վերջինիս մասնագիտական որակավորումներն և փորձը հաշվի առնելով՝ հիշյալ թեկնածուն Եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չի կարող համարվել բավարար ճանաչում ունեցող իրազեկ իրավագետ, ինչը պահանջվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորից:
Հարկ է նշել, որ Խորհրդատվական խմբի կարծիքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության ընթացակարգին վերաբերող որևէ դիտողություն չի բովանդակում:

Հայտնում ենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հետագա ընթացքի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել