Շուրջ 40 դատական գործից ընդամենը մեկով է դատարանը ճիշտ հասկացել` ի՞նչ է նշանակում միջազգային մասնավոր իրավունք. իրավաբան

ԷյԴիԱր Փարթներս ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն, իրավաբան Մուշեղ Մանուկյանը ուսումնասիրություն է կատարել` պարզելու` միջազգային մասնավոր իրավունքի կիրառելության խնդիրները դատական համակարգում: Իր աշխատության արդյունքում նա ուշագրավ փաստեր է վեր հանել: Իրավաբան.net-ի հետ զրույցում պարոն Մանուկյանն ասաց. «Ժամանակին, երբ որ ես վերադարձա Հայաստան, 2009 թվականին կուտակված փորձից ելնելով` որոշեցի գրել գիրք, որը վերաբերում էր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ բաժնին` Միջազգային մասնավոր իրավունքին: Այս աշխատության շրջանակներում փորձեցի հասկանալ, թե դատական պրակտիկան ինչպես է ընթացել` վեր հանելով մեր խնդիրները օրենսդրական դաշտում: 2003թ.-ից մինչև 2013թ. կեսի դրությամբ ուսումնասիրել եմ 30-40 դատական գործ, պարզվել է, որ այս ընթացքում ընդամենը մեկ գործի պարագայում էր դատարանը ճիշտ հասկացել` ի՞նչ է նշանակում միջազգային մասավոր իրավունք»,- շեշտեց իրավաբանը:

Պարզաբանելով խնդիրը` նա ասաց. «Ընդհանրապես ողջ աշխարհում այսպես է` բոլոր դատավորները ուզում են իրենց երկրի իրավունքը կիրառել, ինչո՞ւ, որովհետ գիտեն այն, նրանք չեն ուզում խորանալ ռուսական, անգլիական կամ ամերիկյան իրավունք մեջ: Այդ առումով մեր դատավորներն ամեն ինչ անում են, որպեսզի հայկական իրավունքը կիրառվի: Անգամ, եթե հստակ տարանջատում կա, որ կողմերն ընտրել են այլ երկրի իրավունքը, միևնույն է, դատարանը փնտրելու է տարատեսակ գործիքներ` կիրառելու մեր երկրի իրավունքը: Տարատեսակ խնդիրներ ունենք այս ոլորտում»,- նշեց իրավաբանը` շեշտելով, որ ՀՀ դատավորների միջազգային մասնավոր իրավոնքի վերաբերյալ նվազ գիտելիքներ ունեն:

Բացի այդ, ըստ իրավաբանի, մեր դատավորները գրեթե չեն կիրառում առևտրային ոլորտին առնչվող միջազգային պայմանագրերը. «Օրինակ 2010թ.-ից Հայաստանը Վիեննային կոնվենցիայի անդամ է, խոսքը` առ ու վաճառքի պայմանագրերի մասին է, 1 դատական գործ ես չեմ տեսել, որ կոնվենցիան կիրառվի: Կարող եմ հստակ ասել` գրեթե բոլոր գործերով պոտենցիալ հնարավորությունը, որ այդ կոնվենցիան կարող էր կիրառվել` շատ մեծ է եղել»- փոխանցեց պարոն Մանուկյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել