Հակասություններ Եվրոպական կոնվենցիայի անգլերեն և հայերեն տեքստերում. Մարատ Ատովմյան

Ինչպես տեղեկացրել է ՀՀ Նախագահի պաշտոնական վեբ կայքը Նախագահի 12.01.2015թ.  հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու մասին» Հանրապետության Նախագահի 2014թ. հոկտեմբերի 13-ի հրամանագիրը: Մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատվել էր հանրապետության Նախագահի հրամանագրով, ի կատարումն որի՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետք է հաստատված ցուցակը, անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, սահմանված պահանջների և ընթացակարգերի պահպանմամբ, ներկայացներ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով:

Եվրոպայի խորհրդի կողմից սահմանված ընթացակարգերի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ստացել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության համար թեկնածուների վերաբերյալ փորձագետների խորհրդատվական խմբի կարծիքը, որից հետևում է, որ ցուցակում ընդգրկված տարբեր սեռերի թեկնածուները պետք է հավասարապես և ամբողջովին համապատասխանեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի բոլոր պահանջներին, այդ թվում՝ ճանաչված իրազեկ իրավագետ լինելու չափանիշին:

Հետևելով Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին և ընդառաջ գնալով Եվրոպայի խորհրդի իրավասու մարմնի խորհրդատվական կարծիքին՝ մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով չի ներկայացվել, ինչը փաստորեն առաջ է բերում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության նոր մրցույթ անցկացնելու անհրաժեշտություն:

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տարածված այս մամլո հաղորդագրությունում, ինչպես նաև Iravaban.net կայքի հարցին ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակի տրված պատասխանում, ըստ էության, օգտագործվում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի (այսուհետ Եվրոպական կոնվենցիա) 21-րդ  հոդվածի 1-ին մասի հայերեն տարբերակում կիրառվող «Ճանաչված իրազեկ իրավագետներ» արտահայտությունը: Սակայն, մեր դիտարկումներով, Եվրոպական կոնվենցիայի անգլերեն և հայերեն տարբերակների միջև կա որոշակի անհամապատասխանություն: Այսպես, Եվրոպական դատարանի պաշտոնական կայքում տեղադրված Եվրոպական կոնվենցիայի հայերեն տարբերակում նշված է.

«Հոդված 21. Դատավորներին ներկայացվող պահանջները

1. Դատավորները պետք է ունենան բարոյական բարձր նկարագիր և բավարարեն դատական բարձր պաշտոններում նշանակվելիս ներկայացվող պահանջները կամ լինեն ճանաչված իրազեկ իրավագետներ»:

Մինչդեռ Եվրոպական կոնվենցիայի անգլերեն (վավերական) տարբերակի համաձայն.

 « ARTICLE 21. Criteria for office

1. The judges shall be of high moral character and must either possess the qualifications required for appointment to high judicial office or be jurisconsults of recognised competence».

Կարծում ենք որ  «Jurisconsults of recognised competence» արտահայտությունը հայերեն պետք է թարգմանվեր որպես «Բարձր հեղինակություն վայելող իրավագետներ», այլ ոչ թե «Ճանաչված իրազեկ իրավագետներ»:  Համեմատության համար նշենք, որ Եվրոպական կոնվենցիայի ռուսերեն տարբերակում օգտագործվում է. «быть правоведам и с общепризнанным авторитетом» արտահայտությունը, որը մեր կարծիքով, ավելի դիպուկ և հասկանալի է արտահայտում անգլերեն տեքստի իմաստը և հայերեն թարգմանվում է որպես «Լինեն հանրաճանաչ/բարձր հեղինակություն վայելող իրավագետներ»:

Նշված հանգամանքը վկայում է նրա մասին, որ ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի հայերեն տարբերակում կարող են լինել տարատեսակ անհամապատասխանություններ բնօրինակի հետ, ինչը ոչ միայն տեսական, այլ նաև կիրառական լուրջ խնդիր է: Հույս ունենք, որ մեր պետության պատկան մարմինները լուրջ ուշադրություն կդարձնեն այս խնդրին:

Մարատ Ատովմյան

ՀԵԻԱ վարչության անդամ, փաստաբան    

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել