Մայրաքաղաքում շահագործման են հանձնվել երկու նոր ավտոճանապարհներ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Իրավաբան.net-ին տեղեկացնում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է վերակառուցված Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած 1.3 կմ երկարությամբ և երթևեկելի մասի 21մ լայնությամբ ճանապարհահատված:

Աղբյուրի փոխանցմամբ` Ճանապարհահատվածը շահագործման հանձնելու պաշտոնական արարողության ժամանակ, քաղաքապետին ներկայացնելով ծրագրի մանրամասները, պատասխանատուները զեկուցել են, որ ասֆալտապատվել է շուրջ 27000 քմ մակերես: Աշխատանքների շնորհիվ լայնացվել է ճանապարհի երթևեկելի մասը՝ ապահովելով 4-6 երթևեկելի գոտիներ: Մեկ առանձնացված երթևեկելի գոտի էլ կառուցվել է հարակից թաղամասի բնակչությանն սպասարկելու համար: Տարանջատվել են հանդիպակաց երթևեկելի գոտիները, կառուցվել են նոր մայթեր:

Քաղաքապետին նաև զեկուցվել է, որ առաջիկայում կմեկնարկեն Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի հաջորդ փուլի շինարարական աշխատանքները, որը նախատեսվում է ավարտել 2016թ.: Առանձնակի կարևորելով նոր ճանապարհային հանգույցի ընձեռած հնարավորությունները՝ քաղաքապետը նշել է, որ այն ևս կկառուցվի ժամանակակից պահանջներին համապատասխան:

«Ծրագրի հաջորդ փուլով նախատեսում ենք Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի հատման մասում կառուցել շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային խոշոր հանգույց՝ թունելային երկու բացվածքներով: Այն Արտաշատի խճուղու լայնացման արդյունքում կապահովի Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի տրանսպորտային հոսքերի անխափան ելքը դեպի մայրաքաղաքի հարավային ավտոճանապարհային դարպաս և դրանով իսկ զգալիորեն կբեռնաթափի նաև փոքր կենտրոնի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետարանից նաև փոխանցում են, որ մայրաքաղաքում շահագործման է հանձնվել նաև Վիլնյուսի փողոցի՝ Նոր Նորքի 8-րդ զանգվածը 9-րդ զանգվածին միացնող 537 մետր երկարությամբ և 8-11 մետր լայնությամբ նոր ճանապարհատավածը:

ֆոտոշարքը` Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել