Այսօր Արցախում շարունակվել է ԼՂՀ սահմանն ապօրինի հատած և հայի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի քաղաքացիների գործով դատը: «Արցախպրեսը»-ի հաղորդմամբ` դատական նիստում մեղադրական ճառով է հանդես եկել պետական մեղադրող, դատախազ Կարեն Գաբրիելյանը։
Հաշվի առնելով դատական նիստի ընթացքում հնչած կարծիքները, վկաների ցուցմունքները, գործով ձեռքբերված իրեղեն ապացույցները, ամբաստանյալ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի ցուցմունքները, ձերբակալման ժամանակ նրանց մոտ հայտնաբերված տեսախցիկում առկա տեսաձայնագրությունները, դատաբժշկական հետազոտություների արդյունքները, փորձագետների եզրակացությունները, մեղադրող կողմը եզրահագնել է. ամբաստանյալները 2014 թվականի հունիսին ղարաբաղաադրբեջանական սահմանը հատել են ապօրինաբար, առանց փաստաթղթերի։ Փաստ է նաև, որ նրանք սահմանը հատել են հատուկ նպատակներով՝ տեղեկություւններ հավաքելու, ինչպես նաև տեսանկարահանումներ կատարելու համար։ Այնուհետև դատախազը մանրամասնորեն անդրադարձավ դատական նիստի ընթացքում արձանագրված փաստերին, ապացույցներին, տեսագրություններին, կողմերի ցուցմունքներին։
Ըստ մեղադրող կողմի` փաստ է, որ Գուլիևը եղել է հանցախմբի երեք անդամներից մեկը։ Նա տեսանկարահանումներ չի կատարել, բայց մշտապես եղել է հանցավոր խմբի հետ։
Դատախազ Կ. Գաբրիելյանն առաջարկեց ԼՂՀ քրեական օրեսգրքի համապատասխան հոդվածների համաձայն ամբաստանյալ Դ. Ասկերովին դատապարտել ցմահ ազատազրկման, իսկ Շ. Գուլիևին՝ 22 տարվա։
Լուսանկարը` Արցախպրեսը-ի