Դեկտեմբերի 17-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունեց Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Սպիրիդոն Ֆլոգաիտիսի գլխավորած պատվիրակությունը, որը Երեւանում էր կառույցի հայաստանյան մասնաճյուղի բացման կապակցությամբ: Հունան Պողոսյանը ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ ընդգծելով, որ ոստիկանության արդիականացումն ընդգրկում է նաեւ համագործակցության ոլորտների ընդլայնում եւ բարելավում: Նա նշեց, որ ոստիկանությունը պատրաստակամ է համագործակցություն ծավալել Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության գրասենյակի հետ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սպիրիդոն Ֆլոգաիտիսն ասաց, որ Հայաստանում Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության գրասենյակի բացումը հնարավորություն կտա երիտասարդ իրավաբաններին վերապատրաստվելու եվրոպական առաջատար համալսարաններում, մասնակցելու առաջատար համաժողովների: Նաեւ հնարավորություն կընձեռի, որ հայ երիտասարդ գիտնականներն իրենց գիտական հոդվածները տպագրեն բարձրագույն որակավորում ունեցող միջազգային հանդեսներում: Կողմերը քննարկեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Լուսանկարը՝ police.am-ի: