Մոլդովայի «Ըտրական շարունակական ուսուցման կենտրոն»-ի տնօրեն, Եվրոպայի խորհրդի փորձագետ Նատալիա Իուրասը (Natalia Iuras, Director, Center for Continuous Electoral Training) Իրավաբան.net-ին հարցազրույց է տվել` անդրադառնալով Մոլդովայի ընտրական գործընթացին, ինչպես նաև կարծիք հայտնելով հայկական իրականության մասին:
Տիկին Իուրաս, ի՞նչ գործառույթներ է իրականացնում Ձեր կենտրոնը:
Կենտրոնը Մոլդովայում իրականացնում է քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների ուսուցումը: Ուսուցումները հիմնականում վերաբերում են ընտրական օրենսդրությանը: Ինչպես գիտեք 2014թ. նոյեմբերի 30-ին մեր երկրում կայացան խորհրդարանական ընտրություններ: Դրանց ընդառաջ մեր կենտրոնը մոտ 25.000 դիտորդների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչների համար կազմակերպել էր ուսուցումներ: Կենտրոնն ունի 100 դասընթացավար: Մենք ստեղծել ենք էլեկտրոնային ուսուցման համակարգ տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար: 2014-2015թթ. Մոլդովան նախագահում է Եվրոպական ընտրական պաշտոնյաների ասոցիացիայում (The Association of European Election Officials) և դրա շրջանակներում ունի ուսուցումների հետ կապված որոշ պարտավորություններ:
Ի՞նչ ընտրախախտումներ են հիմնականում տեղի ունենում Մոլդովայում:
Հիմնականում դա ընտրակաշառքների բաժանումն է, կուսակցությունների և քարոզարշավների ապօրինի ֆինանսավորումը: Եղել է դեպք, երբ օրինակ կուսակցություններից մեկը քարոզարշավի ժամանակ ծրարներով գումարը փակցրել էր իրենց թերթին և այդպես բաժանում էր այն ընտրողներին:
Դուք գործնական այցով Երևանում եք, ի՞նչ տպավորություններ են ձևավորվել Ձեզ մոտ հայ գործընկերների հետ շփման արդյունքում
Ցավով, պետք է արձանագրեմ, որ Հայաստանում նույն խնդիրներն են առկա, ինչպես Մոլդովայում: Շատ տպավորված եմ հայ գործընկերներիս պրոֆեսիոնալիզմով: Նրանք շատ լավ են պատկերացնում խնդիրները և ունեն ձգտում նպաստել դրանց հաղթահարմանը: Հայ գործընկերներս չափազանց հետաքրքրված են նաև միջազգային փորձով: Շատ լավ տպավորություններով եմ մեկնում Հայաստանից և ցանկանում եմ վերադառնալ այստեղ արդեն զբոսաշրջիկի կարգավիճակով:
Ի՞նչ աշխատանքներ է պետք կատարել ընտրողների հետ, որպեսզի բարձրացնել նրանց գիտակցության մակարդակը:
Այստեղ մեծ անելիքներ ունեն քաղաքացիական հասարակության ինստիտուտները: Այսպես` հասարակական կազմակերպությունները, ԶԼՄ-ները պետք է անընդհատ աշխատեն ընտրողների հետ, իրազեկեն նրանց, որ ընտրակաշառքները, կուսակցությունների, ընտրարշավների ապօրինի ֆինանսավորումը կոռուպցիայի դրսևորումներ են և շատ վտանգավոր ինչպես հանրության, այնպես էլ պետության համար:
Հարցազրույցը վարեց Մարատ Ատովմյանը
Լուսանկարը` տիկին Իուրասի ֆեյսբուքյան էջից