Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում բացահայտվել են քաղաքացի Ս.Ամիրշադյանի նկատմամբ 2014թ. դեկտեմբերի 11-ին կատարված սպանության փորձի մանրամասները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 13։15-ին, Մալաթիա ԲԿ-ից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 13:10-ին, որովայնի շրջանում հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1975թ. ծնված Ստեփան Ամիրշադյանը։
Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում դեկտեմբերի 11-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։
Քննությամբ պազվել է, որ դեպքի օրը՝ ժամը 12-ի սահմաններում Ս.Ամիրշադյանը ՀՀ քաղաքացի Շ.Ավետիսյանի հետ գնացել է «4-րդ գյուղի գերեզմանատուն»՝ միմյանց հասցեներին հայհոյանքներ հնչեցնելու վերաբերյալ պարզաբանումներ կատարելու համար։ Առաջացած վիճաբանության ժամանակ էլ Ամիրշադյանն ստացել է հրազենային վնասվածքը։
Սպանության փորձի կասկածանքով Շ.Ավետիսյանը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում՝ քննության լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին