Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ դեկտեմբերի 11-ին կիրառված բռնության դեպքի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Հանձնարարություններ են տրվել օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումներին ակտիվ միջոցառումներ ձեռնարկել՝ բռնություն իրականացրած անձի ինքնությունը պարզելու եւ քննությանը ներկայացնելու համար։ Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տարածքում առկա է տեսանկարահանող սարք, որի տեսագրությունն ուղարկվել է փորձաքննության»:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում ենք, որ գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը)։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության օպերատիվ-հետախուզական մարմիններին՝ միջոցառումներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։

Հիշեցնենք, որ նշյալ հոդվածը սահմանում է` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Լուսանկարը` Civilnet.am-ից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել