Կարելի է համագործակցություն զարգացնել այն երկրների հետ, որոնք պատրաստ են այդպիսի համագործակցության. Է. Նալբանդյան

Դեկտեմբերի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց աշխատանքային այցով Երևան ժամանած Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչին:

Զրույցի ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Ռինկևիչը գոհունակությամբ նշեցին, որ Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգանում են. անցած տարիների ընթացքում տեղի են ունեցել երկու երկրների Նախագահների, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների փոխադարձ այցելություններ, մի շարք հանդիպումներ միջազգային համաժողովների շրջանակներում:
Էդվարդ Նալբանդյանն ու Էդգարս Ռինկևիչն անդրադարձան բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական բնագավառներում հարաբերությունների զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին։ Բանակցությունների օրակարգում էին արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցությանը։ Երկուստեք նշվեց, որ վերջին շրջանում առավել ընդլայնվել է Հայաստանի և Լատվիայի միջև իրավապայմանագրային դաշտը և կարևորվեց նոր համաձայնագրերով դրա համալրումը։
2015թ. առաջին կեսին Եվրոպական միությունում Լատվիայի նախագահության համատեքստում քննարկվեց Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությունը: Էդվարդ Նալբանդյանը լատվիացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը, Ադրբեջանի զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի` ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային արդի խնդիրների՝ ուկրաինական ճգնաժամի, Միջին Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։

Արտգործնախարարների հանդիպմանը հաջորդեց մամուլի ասուլիս, որի ընթացքում ՀՀ արտգործնախարարը պատասխանեց իրեն ուղղված հարցերին: Ստորև ներկայացնում ենք Էդվարդ Նալբանդյանին հասցեագրված հարցերը և արտգործնախարարի պատասխանները:

Հարց. Պարո՛ն նախարար, Բազելի` ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդից դեռ մի քանի օր է անցել, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը նորից է հայտարարում, որ Ադրբեջանը ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու է ռազմական ճանապարհով: Ինչպե՞ս կմեկնաբանեք։

Պատասխան. Միգուցե դա Բաքվի պատասխանն է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Բազելում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում եռանախագահող երկրների կողմից արված հայտարարությանը։ Եռանախագահներն ընդգծում են, որ ռազմական լուծում հիմնախնդրին չի կարող լինել, և կոչ են անում կողմերին բացառապես խաղաղ ճանապարհով գնալ հիմնախնդրի կարգավորմանը, նշում են 1994թ. հրադադարի համաձայնագրի և հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնության իրականացման կարևորությունը: Բազելում կայացած ճեպազրույցի ժամանակ ես ասացի, որ միգուցե այդ հայտարարության մեջ համանախագահների կողմից ընտրված դիվանագիտական, այն ժամանակ էլ ասացի, հիմա էլ կկրկնեմ` դելիկատ լեզուն ըմբռնելի, հասկանալի չէ Ադրբեջանի համար: Հիմա` Ադրբեջանի պաշտպանության նախարարի այս նոր հայտարարությամբ, շփման գծում իրավիճակի նոր սրմամբ ևս մեկ անգամ հաստատվում է այն, որ իսկապես այդ լեզուն ըմբռնելի չէ Բաքվի համար։ Կարծում եմ՝ եռանախագահները պետք է համապատասխան եզրակացություններ անեն:

Հարց. Պարո՛ն Նալբանդյան, երկու օր առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հայաստանին կոչ արեց սկսել համագործակցել հարևանների հետ: Ինչպե՞ս կարձագանքեք: Շնորհակալություն:

Պատասխան. Մեր դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը ուղղված է բոլոր երկրների հետ համագործակցություն հաստատելուն և զարգացնելուն, բայց հասկանում եք, որ կարելի է համագործակցություն զարգացնել այն երկրների հետ, որոնք պատրաստ են այդպիսի համագործակցության:

Արդյո՞ք կարելի է համագործակցություն զարգացնել մի երկրի հետ, որը հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, որը փակ է պահում սահմանը, որը Հայոց ցեղասպանության ագրեսիվ ժխտողական քաղաքականություն է իրականացնում և, ընդհանրապես, բավական թշնամական դրսևորումներով է հանդես գալիս Հայաստանին կամ հայ ժողովրդին վերաբերող ամենատարբեր հարցերով։ Կարելի է համագործակցել այն երկրի հետ, որը պատրաստ է համագործակցության. կարծում եմ` երբ Թուրքիան պատրաստ լինի առերեսվել իր պատմությանը, երբ կարողանա առաջ շարժվել և կատարել այն պարտավորությունները, որն իր վրա է վերցրել, իսկ դուք գիտեք, որ միջազգային հանրությունը բազմիցս արտահայտվել է, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում։ Բացի նրանից, որ թուրքերը ինչ-որ բան են ասում և լսում իրենք իրենց ասածը, պետք է լսեն, թե ինչ է միջազգային հանրությունը ասում։ Իսկ միջազգային հանրությունը ասում է, որ գնդակը, նորից կրկնեմ, գտնվում է Թուրքիայի դաշտում։ Երբ Թուրքիան պատրաստ լինի համագործակցության, երբ որ պատասխանի Հայաստանի կողմից պարզված ձեռքին, ապա հնարավոր կլինի հարաբերություններ զարգացնել:

Հարց. Վերջերս Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը հայտարարեց, որ Մաքսային միության օրենսդրական բազան թույլ է տալիս, որ անդամ երկրները համախմբված միջոցներ ձեռնարկեն, եթե անդամ երկրներից մեկի նկատմամբ տնտեսական սանկցիաներ, պատժամիջոցներ, ճնշումներ են կիրառվում: Եվ ակնարկեց, որ առաջիկայում չի բացառում, որ Մաքսային միության անդամ երկրներն էլ, հնարավոր է, Ռուսաստանի հետ միանան արևմտյան մի քանի երկրների նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանելուն: Ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը: Շնորհակալություն:

Պատասխան. Ես կարճ պատասխանեմ։ Այդ հարցը չի քննարկվել այդ շրջանակներում: Երբ քննարկվի, այդ ժամանակ Հայաստանը կարտահայտի իր դիրքորոշումը:

Լուսանկարը՝ mfa.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել