Այլընտրանքային պատիժների կատարման բաժինը ունի պրոբացիոն ծառայությանը բնորոշ մի շարք գործառույթներ

Դեկտեմբերի 11-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ռաֆայել Հովհաննիսյանը և վարչության պետի տեղակալ Արսեն Համբարձումյանն աշխատանքային հանդիպում ունեցան Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի հարավկովկասյան բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերի, հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանի, Օլդենբուրգի գերագույն երկրամասային դատարանի նախագահող դատավոր Դոկտոր Շտեֆան Ֆոն Դեռ Բեքի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր, այդ թվում` պրոբացիոն ծառայության ներդրման վերաբերյալ:

Վարչության պետի առաջին տեղակալը նշեց, որ չնայած Հայաստանում դեռևս ներդրված չէ պրոբացիոն ծառայությունը, բայց որպես այդպիսին գործում է այլընտրանքային պատիժների կատարման բաժինը, որն ունի պրոբացիոն ծառայությանը բնորոշ մի շարք գործառույթներ:

Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն հայտնեցին արդյունավետ քննարկման համար, իսկ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ղեկավար-անձնակազմը հույս հայտնեց, որ առաջիկայում էլ կլինեն նմանատիպ անկաշկանդ հանդիպումներ և հյուրերին առաջարկեց այցելել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներ` ծառայության մասին առավել հստակ պատկերացում կազմելու համար:

Լուսանկարը՝ ced.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել