Գյումրու օդանավակայանի ուղևորները կազատվեն ելքի համար պետտուրքի վճարումից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր` դեկտեմբերի 11-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստը: Գործադիր մարմնի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Կառավարության հավանությունն է ստացել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Գյումրու «Շիրակ» օդանավակայանի ուղևորներին ազատել ելքի համար պետտուրքի վճարումից, ինչը կխթանի ուղևորահոսքի ավելացումը: Այսպիսով, կառավարության ղեկավարի դիտարկմամբ, խրախուսվում է Գյումրու օդանավակայանի աշխատանքի արդյունավետությունը:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքներում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով սահմանվում են արտաքին առևտրի ոլորտում սահմանափակման ենթակա ապրանքները: Դրանք արտահանելու և (կամ) ներմուծելու համար լիազոր մարմինը տալիս է լիցենզիա կամ թույլտվություն կամ սերտիֆիկատ: Օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Դրա նպատակը առանց ՀՀ կառավարության սահմանած կարգով մակնշված՝ առավելագույն մանրածախ գնի, ինչպես նաև սահմանված կարգով մակնշված՝ առավելագույն գնից բարձր գնով ծխախոտի արտադրանքի վաճառքն արգելելն է և մակնշման կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության միջոցներ սահմանելը:

Հավանության է արժանացել «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը պայմանավորված է ՀՀ տարածքում գործող անմաքս առևտրի խանութների համար ԱԱՀ-ով հարկման հավասար իրավական դաշտի ապահովման անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունման դեպքում բոլոր անցակետերում և մաքսային մարմինների սահմանած այլ վայրերում կապահովվի անմաքս առևտրի խանութների գործունեությունը:
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին, որով սահմանվում է քննչական կոմիտեի ծառայողների կենսաթոշակի իրավունքն անցումային շրջանում:

Նիստում քննարկվել է «Անձեռնմխելի կապիտալի հիմնադրամների (ԱԿՀ) մասին» օրենքի և ևս վեց օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը: Նախագծով նախատեսվում է ստեղծել ԱԿՀ-ներ, ինչին ի պատասխան կառավարությունն առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ օրենսդրական նախաձեռնության քննարկումից և դրան անդրադառնալ կառավարության ՀՀ Ազգային ժողով ներկայացնելիք օրենքների նախագծերի փաթեթի շրջանակում:

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մի քանիսում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թելադրված են բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով ուղեգրման գործընթացը կանոնակարգելու և միօրինակեցնելու, ինչպես նաև գործընթացի նկատմամբ արդյունավետ վերահսկողական մեխանիզմներ սահմանելու անհրաժեշտությամբ:

Խնամքի հաստատություններում հերթապահ աշխատողների կողմից շուրջօրյա խնամքի կազմակերպման արդյունավետության և որակի բարձրացման նպատակով կառավարությունը որոշել է բժշկական բաժանմունքի ղեկավարի, բժշկի, բուժական ֆիզկուլտուրայի հրահանգչի, բուժքրոջ, հոգեբանի և մի շարք այլ մասնագետների աշխատանքը ներառել առանձին կատեգորիայի աշխատողների՝ օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ աշխատանքների ցանկ:

Կառավարությունը մինչև երեք տարի ժամկետով հետաձգել է «Մեգա Մեդ» ՍՊԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարի վճարման ժամկետը: Ընկերությունը նախատեսում է կազմակերպել մեկանգամյա բժշկական առարկաների արտադրություն: Այդ նպատակով Երևանում կառուցվել է նոր գործարան, ներմուծվել են անհրաժեշտ սարքավորումներ, որոնց ժամկետը երկարաձգվում է սույն որոշմամբ: Կատարվելու է մոտ 5 մլրդ դրամի ներդրում, ստեղծվելու է 120 նոր աշխատատեղ:

ՀՀ կառավարությունը հաստատել է Արմավիրի և Արագածոտնի մարզերի 2015-2018թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը, որոնց իրագործմամբ նոր խթան կստանան մարզային ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը, մարզերի համայնքների համաչափ զարգացումն ու բնակչության կենսապայմանների բարելավումը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքէջից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել