«Հայաստանի արտաքին աուդիտի անկախության եւ արդյունավետության հզորացումը» թեմայով գիտաժողով

Նոյեմբերի 28-ին` Կառավարության ընդունելությունների տանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) աջակցությամբ տեղի ունեցավ ՀՀ Վերահսկիչ պալատի նախաձեռնած միջազգային համաժողովը` «Հայաստանի արտաքին աուդիտի անկախության եւ արդյունավետության հզորացումը» թեմայով: Համաժողովի մասնակիցներն էին ՀՀ Վերահսկիչ պալատի, ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների, միջազգային գործընկերների, քաղաքացիական հասարակության, միջազգային աուդիտորական բարձրագույն մարմինների ներկայացուցիչներ և փորձագետներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Վերահսկիչ պալատի պաշտոնական կայքից:
Համաժողովի բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Պարոն Զաքարյանը, ողջունելով մասնակիցներին և հյուրերին, նշեց հետևյալը. «Անկախությունն ու արդյունավետությունն իսկապես հռչակված նպատակային արժեքներ են, և մենք ձգտելու ենք դրանց կատարելագործմանը` երկրում ընթացող հիմնական բարեփոխումների համատեքստում: 
Անցած 7 տարիների ընթացքում և՛ պետական, և՛ հասարակական հարթակներից խոսվել է, որ մեզ հաջողվել է ուժեղացնել վերահսկողական բաղադրիչը: Պետական ռեսուրսների կառավարման և օգտագործման գործում արդեն նկատելի է զգոնությունն ու ուշադրությունը: Այս համատեքստում ՎՊ-ն, օրենսդիր և գործադիր մարմինների հետ համագործակցելով, հասել է որոշ ոլորտներում վաղուց արմատացած խնդիրների լուծմանը: 
Վերահսկիչ պալատը պատժիչ ձեռք չէ, ավելին՝ այն կանխարգելիչ կարևոր օղակ է: Ռևիզիոն մոտեցումներն այլևս անցյալում են: Մենք որդեգրել ենք INTOSAI սկզբունքներին և արժեքներին հարազատ քաղաքականություն, և այս գործում չափազանց կարևոր է միջազգային համագործակցությունը…»: 
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիսթեան իր ելույթում նշեց, որ աուդիտի բարեփոխումները գերագույն կարևորություն ունեն, եւ Եվրամիությունը ցանկանում է Հայաստանում տեսնել ուժեղ Վերահսկիչ պալատ: «Պետական շղթայի կատարելագործման համար հույժ կարևոր է, որ ԵՄ­ն շարունակի հատկացնել բյուջետային աջակցությունը, որպեսզի բարեփոխումները շարունակվեն: Կարիք կա արագացնելու դրանց իրականացումը՝ միջազգային կառույցների հռչակագրերին եւ Հայաստանի ստանձնած պարտավորություններին համահունչ»,­ասաց Հրիսթեան` հավելելով, որ ԵՄ պատվիրակությունը երկարաժամկետ հատվածում պատրաստ է օժանդակել ՎՊ­ին: 
Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը, իր համաձայնությունը հայտնելով պարոն Հրիսթեայի հնչեցրած մտքերի հետ, նշեց, որ Գերմանիան աջակցում է ՎՊ բարեփոխումներին` հավատալով, որ այն զարգացման անքակտելի նախադրյալ է: 
Բոլոր մասնակիցները՝ թե՛ միջազգային փորձագետներն ու թե՛ ՀՀ պետական իշխանության ներկայացուցիչները, ամփոփելով քննարկումները, արժևորեցին ՀՀ Վերահսկիչ պալատի անցած ուղին և կատարած աշխատանքները, կարևորեցին նոր բարեփոխումների անհրաժեշտությունը ներկա փուլում և իրենց աջակցությունը հայտնեցին այդ բարեփոխումները կյանքի կոչելու դժվարին գործին: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել