Փափուկ խաղալիքներ, մատիտներ ու գրիչներ, «Շնորհավոր Ամանոր» գրությամբ գորգեր: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ընդունելության սենյակում կտեսնեք այս իրերը: Նշյալ սենյակներում տեսակցություններ են տեղի ունենալու դատապարտյալների և նրանց ընտանիքների միջև:
Այսօր` նոյեմբերի 29-ին քրեակատարողական հիմնարկի բացումն էր: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շեշտեց, որ քրեակատարողական հիմնարկի ամբողջական շահագործումից հետո միայն հնարավոր կլինի հիմնականում լուծված համարել քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդիրը: Իսկ հիմնարկը ամբողջությամբ շահագործման կհանձնվի 2015թ. ավարտին: 1200 դատապարտյալի համար նախատեսված հիմնարկի շինարարության աշխատանքները սկսվել են 2010 թվականին: Այսօրվանից շահագործման է հանձնվում 800 դատապարտյալի համար նախատեսված երկու մասնաշենքերից բաղկացած բնակելի հատվածը:
Հիմնարկի ընդհանուր տարածքը 11.5 հեկտար է, որն ամբողջությամբ բարեկարգված է, պատված 3 մետր բարձրությամբ և 2500 մետր երկարությամբ քարե պարսպով:
Քրեակատարողական հիմնարկի հագեցման հարցում աջակցություն է ցուցաբերել ԱՄՆ կառավարությունը:
Հիմնրակն ամբողջությամբ նախատեսված է փակ և կիսափակ տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների համար, ովքեր դատապարտվել են առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ: