Նոյեմբերի 24-ին մեկնարկեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Շվեդիա։
Նույն օրը տեղի ունեցան Էդվարդ Նալբանդյանի և Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմի բանակցությունները:
Շնորհակալություն հայտնելով այցելության հրավերի և ջերմ ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են երկկողմ հարաբերությունները, ինչն արտացոլվել է փոխայցելությունների, քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ, Երևանում և Ստոկհոլմում դեսպանությունների հիմնադրմամբ, Հայաստանի տնտեսության նկատմամբ շվեդական ընկերությունների հետաքրքրության աճով։
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարների բանակցությունների օրակարգում էին հայ-շվեդական երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությունը, միջազգային հրատապ խնդիրները։ Տարածաշրջանային խնդիրների քննարկման համատեքստում նախարարները մտքեր փոխանակեցին ուկրաինական ճգնաժամի և դրա կարգավորման ուղիների շուրջ։ Այս մասին տեղեկացնում է ԱԳ նախարարությունը։