Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում այսօր մեկնարկեց լրագրողների վերապատրաստման ծրագրի հերթական փուլը: Այն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ֆինանսական աջակցությամբ և ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ: Ծրագիրը տևում է երկու օր:
Նոյեմբերի 22-ին նախ բացման խոսքով հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը: Նա նշեց, որ գերատեսչությունը բազմաթիվ բարեփոխումների սկիզբ է դրել և այս տեսանկյունից կարևոր է լրագրողների դերը այդ բարեփոխումների գաղափարը հասարակությանը հասցնելու համար:
Այնուհետև սկսվեցին դասախոսությունները: ՀՀ ԱՆ համակարգի իրավական ապահովման վարչության պետ Նորայր Բալայանը ներկայացրեց Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի նախագիծը: Պարոն Բալայանը շեշտեց, որ այս օրենքի նախագծով լուծվում է ՀԿ-ների ինքնաֆինանսավորման խնդիրը, ինչպես նաև մեծացվում են այս կազմակերպությունների լիազորությունների շրջանակը:
Միջազգային մասնավոր իրավունքի հայեցակարգային մոտեցմները ներկայացրեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, հայեցակարգի աշխատանքային խմբի անդամ Արմեն Հայկյանցը:
Իրավաբանական անձանց կարգավորումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունների հայեցակարգում զեկույցով հանդես եկավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ Վահրամ Ավետիսյանը:
Ամեն դասախոսությունից հետո լրագրողները հնարավորություն էին ունենում բանախոսներին ուղղել իրենց հարցերը: Ի դեպ, ծրագրին մասնակցում է թվով 20 լրագրող: Դասախոսությունները կշարունակվեն նաև վաղը:
Իրավաբան.net