Քրեական գործ` ՃԵ կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ:

2014 թվականի նոյեմբերի 10-ին` ժամը 19:15-ին, «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ գանգուղեղային և այլ մարմնական վնասվածքներով անգիտակից վիճակում հիվանդանոց են ընդունվել Երևան քաղաքի բնակիչներ Սամվել Գրաշի Մելիքսեթյանը և Ալեքսանդր Կիմի Ղազարյանը, ովքեր վնասվածքներն ստացել են Լոռու մարզի Սարատովկա գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով: Սամվել Մելիքսեթյանը գիտակցության չգալով մահացել է:

Ահազանգով դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը:

Քննությամբ պարզվել է, որ 2014 թվականի նոյեմբերի 10-ին` ժամը 18:50-ի սահմաններում, Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին` Սարատովկա գյուղի մոտակայքում, Ա.Ղազարյանի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան առջևի մասով բախվել է իր երթևեկության ուղղությամբ ճանապարհի աջ կողնակին Գ.Քամալյանի կողմից կայանված, առանց հաշվառման համարանիշի «Գազ 53» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի ետնամասին, որի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս.Մելիքսեթյանը մահացել է, իսկ Ա.Ղազարյանը` ստացել մարմնական վնասվածքներ:

Ստեփանավանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել