ՄԻԵԴ-ը վճիռներ է կայացրել «ընդդեմ Հայաստանի» մի քանի գործերով

Փաստաբան Արթուր Գրիգորյանը Facebook.com սոցցանցում գրել է.

«2014 թվականի նոյեմբերի 13-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջապես վճիռներ կայացրեց Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի, Ղարիբյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի և Ղասաբյանն ընդդեմ Հայաստանի գործերով: Նրանց բոլորի սեփականությունը դեռևս 2004-2005 թվականների ընթացքում չնչին փոխհատուցումներով վերցվել էր պետական կարիքների համար: Այսպիսով, շուրջ 10 տարի այս երեք ընտանիքները Երևան քաղաքի տարբեր հատվածներում բնակվել են վարձով՝ ակնկալելով, որ բացի իրենց խախտված իրավունքները ճանաչելու փաստից՝ արդարացի փոխհատուցում կստանան իրենց կրած նյութական և բարոյական վնասի դիմաց:

Հարկ է նշել, որ 2010 թվականին Հայաստանի կառավարությունը Եվրոպական դատարանի առջև միակողմանի հայտարարություններ էր արել, որոնցով պարտավորվել էր դիմողներին՝ նրանցից վերցված տների տեղում կառուցված շենքում սեփականության իրավունքով տրամադրել բնակարաններ, իսկ Եվրոպական դատարանն իր 2011 թվականի նոյեմբերի 15-ի երեք որոշումներով հաստատել էր կառավարության այդ միակողմանի հայտարարությունները: Սակայն նկատի ունենալով, որ կառավարությունը Եվրոպական դատարանի նշված որոշումները այդպես էլ չկատարեց, դիմողները խնդրեցին վերսկսել իրենց գործի քննությունը և կառավարության վրա դնել նշված բնակարանների արժեքներն իրենց որպես նյութական վնասի փոխհատուցում վճարելու պարտականություն:

Այժմ, Եվրոպական դատարանը գտել է, որ դիմողների նկատմամբ թույլ է տրվել Կոնվենցիայի 1-ին Արձանագրության 1-ին հոդվածի խախտում և, որ նրանց վճարվելիք փոխհատուցումները այլ չափանիշներով պետք է հաշվարկվեն՝ վճռելով, որ Հայաստանի կառավարությունը պետք է տրամադրի՝

1. Սեդրակ Բաղդասարյանին և Տատյանա Զարիկյանցին միասին 32.000 եվրո որպես նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև՝ նրանցից յուրաքանչյուրին 6.000-ական եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում:

2. Գրիգորի, Գոհար և Աննա Ղարիբյաններին միասին 34.000 եվրո որպես նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև՝ նրանցից յուրաքանչյուրին 6.000-ական եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում:

3. Լևոն, Գոհար, Արսեն Ղասաբյաններին և Լիլիթ Գրիգորյանին միասին 40.000 եվրո որպես նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև՝ նրանցից յուրաքանչյուրին 6.000-ական եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում:

Նկատի ունենալով, որ նյութական վնասի փոխհատուցման վերը նշված գումարները լավագույն դեպքում ծածկում են վերջին 10 տարիների ընթացքում անօթևան մնալու հետևանքով իրենց կրած վնասները, դիմողներին այլ բան անել չի մնում, քան վերանայման միջնորդություն ներկայացնել Եվրոպական դատարանի մեծ պալատ և/կամ վճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դիմել ՀՀ վճռաբեկ դատարան՝ ներպետական դատական ակտերը նոր հանգամանքներով վերանայելու և մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու համար: Վերջին դեպքում, նկատի ունենալով, որ խնդրո առարկա բնակարանները վաղուց գոյություն չունեն, նրանք պահանջելու են դրանց շուկայական արժեքների ամբողջական փոխհատուցում: Այլ կերպ ասած՝ նրանց դատական դեգերումները շարունակվելու են ևս մի քանի տարի..»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել