Կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին ոստիկանները կալանավորվել են

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով, ոստիկանության նախկին աշխատակիցներին` ոստիկանության փոխգնդապետ Հասմիկ Խ.-ին և ոստիկանության մայոր Ալեքսան Հ.-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջիններս` խմբով, նախնական համաձայնության գալով, իրենց լիազորությունների շրջանակում Արթուր Մ.-ին Երևանի Թերլեմեզյան 18 հասցեում փաստացի գրանցման համար բնակության հանգամանքները հաստատող տեղեկություն տրամադրելու նպատակով 2014 թվականի նոյեմբերին պահանջել են ընդհանուր առմամբ խոշոր չափերի` 600 ԱՄՆ դոլար կաշառք:

2014թ. նոյեմբերի 5-ին ոստիկանության աշխատակից Ալեքսան Հ.-ին 280 ԱՄՆ դոլար և 50.000 ՀՀ դրամ կաշառքը հանձնելուց հետո, Արթուր Մ.-ն Հասմիկ Խ.-ի կանչով ներկայացել է ոստիկանության հիշյալ բաժին և վերջինիս ներկայությամբ Ալեքսան Հ.-ին տվել մնացած 80.000 ՀՀ դրամ կաշառքը: Այդ ժամանակ Ալեքսան Հ.-ն կազմել է բնակարան այցելելու մասին կեղծ արձանագրություն` ամրագրելով, իբր, Արթուր Մ.-ն շուրջ մեկ ամիս է, ինչ բնակվում է հիշյալ հասցեում:

Ոստիկանության փոխգնդապետ Հասմիկ Խ.-ի և ոստիկանության մայոր Ալեքսան Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել