«Դեմ եմ»-ի անդամներին ոստիկանները թույլ չտվեցին մոտենալ Ֆինանսների նախարարության մուտքին

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր բողոքի ակցիա իրականացրեց ՀՀ ֆինանսների նախարարության դիմաց:

Նախաձեռնության անդամները նամակ ունեին փոխանցելու ֆինանսների նախարարին և վարչապետին: Ցուցարարներին ոստիկանները թույլ չտվեցին մոտենալ նախարարությանը, ինչի հետևանքով ոստիկանների և ակտիվիստների միջև տեղի ունեցավ հրմշտոց:

Բողոքի ակցիայի մասնակիցները փոխանցեցին, որ «Նպատակային պարտադիր սոցիալական վճարի» օրենքի ուժի մեջ մտնելու պահից պետական համակարգում աշխատող քաղաքացիներն՝ առանց կամաարտահայտման հնարավորության, ընդգրկվեցին կուտակային համակարգի մեջ։ Պարտադիր սոցիալական վճար կատարելու պարտականությունը տարածվեց նաև պետական և մասնավոր ոլորտներում համատեղությամբ աշխատողների վրա:

Ըստ նախաձեռնության` գիտության, կրթության ոլորտում աշխատող շատ երիտասարդ մասնագետներ համատեղությամբ աշխատում են նաև առաջատար մասնավոր ընկերություններում և, չցանկանալով պարտադրաբար ընդգրկվել կուտակային համակարգի մեջ, ստիպված դադարեցրին այդ ոլորտներում ծավալած իրենց գործունեությունը: Ավելի քան 30 դասախոսներ դուրս եկան պետական ԲՈՒՀ-երից, երկու տասնյակ երիտասարդ գիտնականներ՝ Գիտությունների Ազգային Ակադեմիայից: Խնդրի առնչությամբ մի շարք դասախոսներ բաց նամակով դիմել են կառավարությանը, իսկ նախաձեռնությունն էլ իր հերթին դիմել է բուհերի ղեկավարներին:

«Վարչապետը սեպտեմբերի 4-ին հանձնարարեց Ֆինանսների նախարարությանը հնարավորինս սեղմ ժամկետում քննարկել բուհերի աշխատակիցների բարձրացրած խնդիրները և դրանք լուծելու ուղիներ առաջարկել: Խնդիրը մինչև այժմ բաց է մնում և օրըստօրե ավելի հրատապ է դառնում այն պատճառով, որ այս խայտառակ օրենքի համաձայն, եթե մինչև դեկտեմբերի 25-ը մասնավոր ոլորտի աշխատողը չհրաժարվի պարտադիր սոցիալական վճարից, ապա այլևս չի կարող հրաժարվել: Արդյունքում՝ կրթության և գիտության ոլորտների համատեղությամբ աշխատող մասնագետներն, ովքեր դեռ դուրս չեն եկել աշխատանքից, ակնկալելով hարցի շուտափույթ լուծում, նույնպես մեծ հավանականությամբ կցանկանան հրաժարվել դրանից»,- ակցիայի ժամանակ շեշտեցին նախաձեռնության անդամները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել