Հաստատվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների համագործակցության 2015թ. ծրագիրը

Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի (ԱՊՀ ՊՆԽ) հերթական նիստին, որի ընթացքում, օրակարգի համաձայն, դիտարկվել են 20-ից ավելի հարցեր: Այս մասին հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:
Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հավանությանն են արժանացել ԱՊՀ ՊՆԽ աշխատանքային մարմինների ընթացիկ տարվա գործունեության արդյունքները, հաստատվել է ԱՊՀ ՊՆԽ 2015թ. աշխատանքային պլանը: Նիստի ընթացքում ընդունվել են հստակ որոշումներ` ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև բազմակողմ համատեղ գործունեության հետագա ակտիվացման ուղղությամբ:
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար Իմանգալի Տասմագամբետովի հետ:
Երկկողմ հանդիպումների ընթացքում պաշտպանական քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-ռուսական և հայ-ղազախական համագործակցության ընթացիկ խնդիրները, կարծիքներ են փոխանակվել ռազմական փոխգործակցության հետագա զարգացման ուղիների շուրջ, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հաստատել են նաև ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2015թ. ծրագիրը:

Լուսանկարը՝ mil.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել