«Ինչո՞ւ է հայ հասարակության մեջ այսքան տարածված բռնությունը»

Խտրականության արգելման վերաբերյալ համաժողովը տեղի ունեցավ այսօր` նոյեմբերի 11-ին: Համաժողովը կազմակերպել էր Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) Նիդերլանդների Թագավորության կառավարության աջակցությամբ։

Համաժողովի նպատակն է վեր հանել Հայաստանում խտրականությանն ու անհանդուրժողականությանն առնչվող խնդիրները և առաջարկել խտրականության տարբեր ձևերի կանխարգելման արդյունավետ մեխանիզմներ։ Համաժողովին մասնակցում էին ՀՀ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, դեսպանատների, հայաստանյան ՀԿ-ների ներկայացուցիչներ, անհատներ։
Համաժողովի ընթացքում Հայաստանցի բանախոսները անդրադարձան ՀՀ-ում տարբեր հիմքերով խտրականության ձևերին և կոնկրետ դեպքերին:

Միջազգային իրավունքի մասնագետ Արայիկ Ղազարյանը ներկայացրեց Հայաստանում առկա խտրականության դրսևորումները, բացի այդ, անդրադարձ կատարվեց կրոնական հիմքով խտրականությանը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց և կանանց նկատմամբ խտրականության խնդիրներին:

Մոլդովայից և Վրաստանից հրավիրված փորձագետները ներկայացրեցին իրենց երկրների վերջերս ընդուված խտրականությունն արգելող օրենսդրությանը և խտրականության դեմ պայքարի փորձը։
Համաժողովին ելույթ ունեցավ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը: Նա կարևորեց նմանաբնույթ միջոցառումները` նշելով. «Մեզ համար ընդունելի է, որ միջազգյաին փորձը նույնպես ներկայացվում է, ընտրված են այնպիսի երկրներ, որոնք իրավական հարթությունով մոտ են մեր երկրին: Հայաստանում գործում են տարբեր իրավական նորմեր, որոնք կոչված են կարգավորել այս ոլորտը»:

ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը ասաց. «Այստեղ բանալի բառը բռնույթունն է, Բռնությունը հասկանալու համար պետք է դրա հիմքերը տեսնել ամեն հասարակության մեջ, ինչո՞ւ է հայ հասարակության մեջ այսքան տարածված բնությունը: Թվում է, թե իր պատմության մեջ բռնություն տեսած մեր հասարակությունում այս արատը չպետք է տարածված լիներ, սակայն հակառակն է»,- ընդգծեց պարոն Տեր-Գաբրիելյանը:

Նա նաև անդրադարձ կատարեց բռնության ձևերին` շեշտելով ընտանեկան բռնությունը. «Հիմա մենք կամաց-կամաց տեսնում ենք, որ դա գաղտնի արտահայտվում է ընտանիքում, որտեղ պետք է մուտք գործել և հասկանալ, թե որն է խնդիրը»,- նշեց ԵՀՀ տնօրենը:
Համաժողովի ավարտին ցուցադրվեց կրոնական հանդուրժողականության վերաբերյալ վավերագրական ֆիլմ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել