ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Տեղական ինքանակառավարման օրվա առթիվ: Իր ուղերձում ԱԺ նախագահը մատնանշել է համայնքների կենսական նշանակությունը պետության հզորության համար և շեշտել, որ փոքր երկրների կայունությունը հիմնվում է նաեւ համայնքների զարգացվածության ու կազմակերպվածության վրա: Գալուստ Սահակյանի ամբողջական ուղերձը ներկայացնում ենք ստորև:
«Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի աշխատակիցներ, շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ:
ՏԻՄ-երը առանցքային դեր են խաղում մեր երկրի մարզերի, տարածաշրջանների ու համայնքների զարգացման գործում: Անցած տարիների ընթացքում համակարգը կարողացել է հաջողությամբ կայանալ եւ բավականին հիմնավոր կերտել իր պատմությունը:
Տեղական ինքնակառավարումն առաջին քարն է կառավարման բարդ համակարգի հիմքում: Թե հասարակությունը, թե իշխանությունը շահագրգռված են, որ այդ հիմքը լինի հուսալի, որպեսզի ամուր լինի նաեւ դրա վրա վստահորեն կառուցվող տունը՝ Հայաստանի Հանրապետությունը:
Այն, որ պետությունն ուժեղ է իր համայնքներով, իրականությունից կտրված գաղափար չէ, այլ փորձված ճշմարտություն: Եւ գերտերությունների, եւ փոքր երկրների կայունությունը հիմնվում է նաեւ համայնքների զարգացվածության ու կազմակերպվածության վրա, որովհետեւ տեղական ինքնակառավարումը, որպես պետության կարեւորագույն ինստիտուտներից մեկը, քաղաքացիների իրավունքների իրացման, կարեւորագույն հարցերին նրանց մասնակցության, նրանց մեջ ինքնակազմակերպում եւ նախաձեռնողականություն զարգացնելու իրական հնարավորություն է: Համոզված եմ, որ քաղաքացիական հասարակության կայացման եւ ժողովրդավարության ամրապնդման համապատկերում տեղական ինքնակառավարման դերն ու նշանակությունը մեր պետության կյանքում տարեցտարի ավելի են մեծանալու:
Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի աշխատակիցներ, եւս մեկ անգամ շնորհավորելով Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ՝ մաղթում եմ ձեզ առողջություն, լավատեսություն, բարեկեցություն եւ հաջողություններ ու նոր ձեռքբերումներ՝ ի բարօրություն մեր երկրի համայնքների եւ Հայաստանի Հանրապետության»: