Կալանավորվել է Գյումրիում 26-ամյա երիտասարդի սպանության մեղադրանքով հետախուզվող Արթուր Մարտիրոսյանը։
Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում՝ խնջույքի ժամանակ առաջացած վիճաբանության ընթացքում 26-ամյա Արտյոմ Ադանալյանին դիտավորությամբ կյանքից զրկելու մեղադրանքով: Այս մասին հաղորդում է ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2014 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 22:15-ին, Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել այն մասին, որ սրտի շրջանում կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով Գյումրի քաղաքի Շիրակշին բանավան 217/106 բ հասցեի տնակից Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն տնակի բնակիչ, 1988 թվականի ծնված Արտյոմ Ավետիքի Ադանալյանը, ով բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: