Քրեական գործ՝ ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարրչությունը հաղորդում է, որ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում 2014թ. նոյեմբերի 4-ին հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ։ 
Քրեական գործի նյութերի համաձայն՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչ, ոստիկանության կապիտան Հ.Լևոնյանը եւ ծառայակից, նույն դասակի տեսուչ, ոստիկանության կապիտան Լ.Մարտիրոսյանը վերջինիս ամրակցված ծառայողական ավտոմեքենայով երթևեկության անվտանգության ապահովման ծառայություն կատարելիս 2014թ. նոյեմբերի 4-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Գորիսի «Մանկապատանեկան» կենտրոնի հարևանությամբ նկատել են վիճաբանող երիտասարդների:
«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված կարգով իրենց ծառայողական պարտականություններն իրականացնելով` Հ.Լևոնյանը և Լ.Մարտիրոսյանն ավտոմեքենան կայանել են հիշյալ երիտասարդների մոտ, մոտեցել նրանց։ Վիճաբանության պատճառների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Գորիս քաղաքի բնակիչ Ս.Թանգյանը հայհոյել է ոստիկանության ծառայող Հ.Լևոնյանին եւ բռունցքով հարվածել նրա դեմքի աջ հատվածին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով։ Ս.Թանգյանը նոյեմբերի 5-ին ձերբակալվել է: Նշանակվել են փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել