Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Փաստաբան Մելանյա Առուստամյանը նշում է, որ ներկայումս գործում է «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենք, որով առանց այդ էլ սահմանափակվում են փաստաբանների իրավունքները. «Այն անմատչելի է դարձնում որոշ տվյալների ձեռք բերումը: Փաստաբանության մասին օրենքի 18-րդ հոդվածով նախատեսվում է, որ մենք կարող ենք մեր վստահորդների համար որոշակի տվյալներ ստանալ: Վերջին ժամանակներում խիստ սահմանափակումներ կան. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից մենք չենք ստանում տվյալներ, որովհետև արդարդատության նախարարությունը սահմափակել է: Այսինքն` մենք երրորդ անձանց վերաբերյալ չենք կարող ձեռք բերել տվյալներ, թե ում ամուսինը, կինը կամ այլ ազգականն է հանդիսանում անձը և այլն: Այս ամենով հանդերձ, շատ դժվարամատչելի է դառնում ապացույցների ձեռք բերումը և փաստաբանական օգնության տրամադրումը»,- ընդգծեց փաստաբանը:
Տիկին Առուստամյանի խոսքերով` դժվարություններն այսքանով չեն ավարտվում: Խնդիրներ են առաջանում նաև անձանց դատվածության վերաբերյալ տեղակնքների տրամադրման գործընթացում. «Հրապարակային դատաքննության ընթացքում կայացված ակտը պահանջելիս չի տրամադրվում դատվածության մասին տեղեկանք, մինչդեռ դա հրապարակային տվյալ է, դատալեքսում կա: Բացի այդ, անձանց հետախուզման մեջ գտնվելու վերաբերյալ տվյալներ չեն տրամադրվում»:
Այս ամենն իմի բերելով` տիկին Առուստամյանը եզրահանգում է, որ գործող օրենքի պայմաններում անգամ պետական մարմինները սահմանափակել են տեղեկատվության ստացումը. «Նոր օրենքի նախագծով` քաղաքացիների անձնական տվյալների վերաբերյալ ինֆորմացիան կարող են միայն տրամադրվել որոշակի մարմիններին: Նոր օրենքում այդ մարմինների մեջ չկան նշված փաստաբանները կամ փաստաբանական գրասենյակները, սակայն այն տվյալները, որոնց տիրապետում է նախաքննական մարմինը, նոտարը, դրանց պետք է տիրապետեն նաև փաստաբանները»: Հակառակ դեպքում, մեր զրուցակցի համոզմամբ, փաստաբանը ստիպված կլինի էլ ավելի ծավալուն աշխատանք կատարել. «Իսկ այդ պարագայում, բնականաբար, վարձատրությունը պետք է ավելի բարձր լինի: Ո՞վ է տուժում, հասարակ քաղաքացին»,- ասաց փաստաբանը:
Իրավաբան.net-ն անդրադարձել է այս օրենքի նախագծին: Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Իրավական շաբաթ» հաղորդաշարի ռեպորտաժում: