Մերժել ինքնորոշման իրավունքը՝ դա նոր խնդիրների, նոր հիմնախնդիրների, նոր կոնֆլիկտների պատճառներ ստեղծել է. Է. Նալբանդյան

Նոյեմբերի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգտոնին։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նախարար Լիդինգտոնը նշեց, որ Միացյալ Թագավորությունը Հայաստանը դիտարկում է որպես կարևոր գործընկեր, ու իր այցելության նպատակը և ուղերձը Հայաստանի հետ համագործակցությանը նոր լիցք հաղորդելն է:

Բանակցությունների ընթացքում նախարարները քննարկեցին քաղաքական, առևտրատնտեսական և այլ ոլորտներում համագործակցության խորացման ուղիները։ Այս մասին հաղրոդում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում նկատելի է բրիտանական բիզնեսի հետաքրքրության աճը Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերը զարգացնելու հարցում:

Զրուցակիցները համակարծիք էին, որ հարաբերությունների զարգացման համար կարևոր դեր ունի իրավական դաշտի կատարելագործումն ու ամրապնդումը, ինչպես նաև արդեն ստորագրված մեկ տասնյակից ավելի փաստաթղթերի արդյունավետ կիրառումը: Նախարարներն ընդծեցին, որ երկկողմ հարաբերությունների զարգացման առումով իր ուրույն տեղն ունի միջխորհրդարանական համագործակցությունը, որը բավականին ակտիվ է: Էդվարդ Նալբանդյանն ու Դեյվիդ Լիդինգտոնն անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցերին:

Նախարար Նալբանդյանը Դեյվիդ Լիդինգթոնին հանգամանալից ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, Փարիզում մեկ շաբաթ առաջ կայացած գագաթաժողովի արդյունքները: Այս առումով Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարը նշեց, որ Մեծ Բրիտանիան սատարում է հակամարտության կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող գործընթացը։

Բանակցությունների օրակարգում էին միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր, մասնավորապես, Սիրիայում և Իրաքում և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումները, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացը:

Հանդիպմանը հետևեց համատեղ մամուլի ասուլիս:

Հնչեցված հարցերն ու պատասխանները ներկայացնում ենք ստորև:

Հարց. Պարոն Նալբանդյան, Ձեզ կխնդրեի մեկնաբանել օրերս ՄԱԿ-ի փորձագիտական զեկույցի եզրակացությունը, ըստ որի՝ շատ հակամարտությունների լուծմանը անհնար է հասնել, եթե անտեսվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Պատասխան. Մենք մշտապես նշել ենք և ընդգծում ենք, որ ինքնորոշման իրավունքի իրագործումը պատճառ չի հանդիսանում՝ տարբեր կոնֆլիկտների առաջացման, այլ հակառակը՝ ինքնորոշման իրավունքի իրականացման խոչընդոտումը, մերժումը ստեղծում է համապատասխան պարարտ հող՝ հակամարտությունների համար: Դրա մասին է խոսում հենց Ձեր կողմից հիշատակված զեկույցը։

Մենք մշտապես ասել և ասում ենք, որ ինքնորոշման իրավունքի իրագործումը կարող է կանխարգելիչ լինել՝ նոր կոնֆլիկտների համար, և նպաստել տարածաշրջանային, միջազգային խաղաղության հաստատմանը, պահպանմանը և ամրապնդմանը: Հենց դրա մասին է խոսում նաև այդ զեկույցը:

Մենք ասել և ասում ենք, որ ինքնորոշման իրավունքի իրագործումը կարող է նպաստել ժողովրդավարության ամրապնդմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը: Հենց դրա մասին է խոսում այդ զեկույցը:

Այսօր միջազգային հարաբերությունների համակարգը` ՄԱԿ-ի անդամ 193 պետություններով հանդերձ, հենց ինքնորոշման իրավունքի իրականացման արդյունք է: Քանի՞ երկիր է եղել ՄԱԿ-ի հիմնադրման ժամանակ. 51 երկիր: Այսօր այդ թիվը գրեթե քառապատկվել է: Դեմ դուրս գալ, անտեսել ինքնորոշման իրավունքը, դա նույն է, ինչ հակադրվել էվոլյուցիային։

Կարելի է միանշանակ ասել, որ այդ կարևոր, արժեքավոր զեկույցը ևս մեկ անգամ հաստատում է այն մոտեցումները, որը Հայաստանը ունեցել է և ունի՝ այդ հարցի վերաբերյալ, և ոչ միայն Հայաստանը, այլև՝ միջազգային հանրության բազմաթիվ երկրներ և կառույցներ:

Չի կարող որևէ մի երկրում, որտեղ պաշտպանվում են ժողովրդավարությունը և մարդու իրավունքները, հասարակությունը դուրս գա ինքնորոշման իրավունքի դեմ: Վերջին օրինակը հենց Մեծ Բրիտանիայում էր, որտեղ Շոտլանդիայում անցկացվեց հանրաքվե:

Միջազգային բեմահարթակում իրականությունը սա է։ Մերժել ինքնորոշման իրավունքը՝ դա նոր խնդիրների, նոր հիմնախնդիրների, նոր կոնֆլիկտների պատճառներ ստեղծել է:

Հարց. Պարոն Նալբանդյան, վերջին օրերի ընթացքում Բաքվի ղեկավարության կողմից մեղադրանքներ են հնչում Հայաստանի հասցեին` փորձելով այդ մեղադրանքների միջոցով Ադրբեջանում տիրող բռնատիրական բարքերը վերագրել Հայաստանին: Ըստ Ձեզ` ի՞նչ նպատակով է դա արվում:

Պատասխան. Անկախ նրանից, թե ինչ նպատակով է դա արվում, չեմ կարծում, որ դա կարող է տպավորել որևէ մեկին` Ադրբեջանից դուրս, և անգամ Ադրբեջանի ներսում շատ քչերին կարող է տպավորել: Նման թեմայով քննադատությունը մի երկրի կողմից, որը մարդու իրավունքներով զբաղվող ամենահեղինակավոր միջազգային կառույցների կողմից անվանվում է որպես մարդու իրավունքների ճչող, զարհուրելի խախտումների բռնատիրություն, դա իրականում դատարկախոսություն է:

Կարո՞ղ եք պատկերացնել, որ քադաֆիական Լիբիայի կամ սադամհուսեյնական Իրաքի կողմից այդպիսի մեղադրանքներ հնչեին. ու՞մ կարող էին դրանք տպավորել:

Լուսանկարը՝ mfa.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել