Հրատարակվել է հայրենասիրական դաստիարակության ուղեցույց-ձեռնարկը

Նոյեմբերի 1-ին Երկրապահ կամավորակաների միության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ հանրակրթական դպրոցներում 2014-2015 ուսումնական տարում «Պատանի երկրապահ» ակումբների ձևավորմանը և հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների ուղեցույց-ձեռնարկի շնորհանդեսը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից:
Նախքան ձեռնարկի շնորհանդեսը` ՀՀ պաշտպանության, կրթության և Գիտության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Արմեն Աշոտյանը, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջև, եղան ԵԿՄ թանգարանում, ծանոթացան 5-րդ բրիգադի անցած մարտական ուղուն և ներկայացված ցուցանմուշներին:
Միջոցառման ընթացքում ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը համառոտ ներկայացրեց ուղեցույցի բովանդակությունը, նախատեսված միջոցառումների ցանկը, խնդիրներն ու նպատակները:
Ձեռնարկի շնորհանդեսի կապակցությամբ շնորհավորելով միջոցառման մասնակիցներին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում շեշտեց, որ հարկ է մեկընդմիշտ պարտական լինել և արժևորել մեր հաղթանակները կերտած հերոսների սխրանքը, քանի որ միայն անցյալի արժևորմամբ ու գնահատմամբ մենք կարող ենք կերտել մեր արժանավայել ապագան: Պաշտպանության նախարարի համոզմամբ` անչափ գնահատելի է այն իրողությունը, որ ուղեցույցի շնորհիվ անցյալի արժևորմանն ու հիշատակմանը միտված միջոցառումներն այսուհետև դպրոցական ուսումնական ծրագրի մասն են կազմելու:

Լուսանկարը՝ mil.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել