Քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ

ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։
«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Թագուհի Հովհաննիսյանը 2014թ. հոկտեմբերի 3-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. սեպտեմբերի 19-ին Երևանի «Ալեքսանդր Սպենդիարյանի» անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքում՝ «Հայաստան-սփյուռք» համաժողովի աշխատանքների լուսաբանման ընթացքում, Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ասոցիացիայի ղեկավար Արտյուշա Կարապետյանը խոչընդոտել է իր լրագրողական գործունեությանը։
Մասնավորապես, ըստ լրագրողի, Ա.Կարապետյանին ուղղված հարցից հետո վերջինս իր ձայնագրիչը ձեռքից վերցնելու, ինչպես նաև բջջային հեռախոսում եղած` տվյալ գործողության վերաբերյալ տեսաձայնագրությունը ջնջելու միջոցով խոչընդոտել է իր լրագրողական մասնագիտական օրինական գործունեությանը:
Նկատի ունենալով, որ Թ.Հովհաննիսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առկա են քրեական գործ հարուցելու հիմքեր՝ Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով։ Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել