Ողջունելի է «Կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների մասին» օրենքի ընդունումը ՀՀ կառավարության կողմից

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հանդիպել է  Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքից:

Նախարար Արտեմ Ասատրյանը շնորհակալություն  հայտնեց  Եվրոպայի խորհրդի կողմից ՀՀ կառավարությանը ցուցաբերվող  աջակցության ու համագործակցության  համար և պատրաստակամություն հայտնեց  հետագա համագործակցության շարունակականության և Հայաստանում  մարդու իրավունքների ոլորտում համակարգային բարեփոխումների  ապահովման ուղղությամբ:

Հանդիպման առանցքային  թեման գենդերային հարցերն ու  հավասար հնարավորությունների խնդիրներն էին:

Թեմայի շրջանակներում հանձնակատար Նիլս Մուիժնիկսը ողջունեց «Կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների մասին» օրենքի ընդունումը ՀՀ կառավարության կողմից և հետաքրքրվեց, թե ինչ քայլեր է ձեռնարկել  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը այդ օրենքի կիրարկումն իրականացնելու ուղղությամբ:

Նախարար Արտեմ Ասատրյանը հայտնեց, որ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մշակվել է  մոնիթորիգնի և գնահատման համակարգ և այդ ուղղությամբ ծավալուն աշխատանքներ են իրականացվել նախարարության գործընկերների  և հասարակական կազմակերպությունների հետ: Արդյունքում պատրաստվել է  համապատասխան նախագիծ, որը ներկայացվել է կառավարությանը:

Գենդերային հիմնահարցերի հետ կապված,  նախարարը նշեց, որ քաղաքացիական ծառայության խորհուրդը արդեն 2 տարի է  գենդերային հիմնահարցերի թեմաներով վերապատրաստման դասընթացներ է իրականացնում քաղծառայողների համար: Բացի այդ նախարարությունը մշակել է թեմատիկ ուղեցույցներ այն պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների  համար, որոնք առնչվում են այս խնդիրների հետ  և գործնականում կիրառում են այդ ուղեցույցերը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ընտանեկան բռնության կանխարգելման մեխանիզմներին, դրանց կիրառմանը Հայաստանում և  նախարարության իրականացրած քայլերը բռնության կանխարգելման և բռնության զոհերին աջակցելու ուղղությամբ:

Հանդիպման ավարտին Նիլս Մուիժնիկսը շնորհակալություն հայտնեց և նշեց, որ Եվրոպական խորհուրդը, անհրաժեշտության դեպքում, մշտապես պատրաստ է խորհուրդներ և աջակցություն տրամադրել: Նախարարն էլ իր հերթին աշխատանքային հաջողություններ մաղթեց հանձնակատարին:

Լուսանկարը՝ mlsa.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել