«Խելամիտ պաշտպանություն» և «Առաջադրանքով հրամանատրում». ՀՀ Պաշտպանության ռազմավարական վերանայում

Սեպտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվեց ՀՀ Նախագահի կարգադրությամբ ձևավորված Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական հերթական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ անցկացված նիստին մասնակցում էին ռազմավարական վերանայման գործընթացին ներգրավված պետական կառավարման բոլոր մարմինները` նախարարների տեղակալների մակարդակով, ինչպես նաև պաշտպանության նախարարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաները:
Միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում ամփոփվեցին վերանայման գործընթացի երկրորդ փուլի արդյունքները և համաձայնեցվեցին Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական պլանավորման նկատառումները:
Պլանավորման նկատառումներում մատնանշվել են պետության զինված պաշտպանության կազմակերպման այնպիսի նոր գաղափարներ ու մոտեցումներ, ինչպիսիք են «Խելամիտ պաշտպանությունը» և «Առաջադրանքով հրամանատրումը»: Հայաստանի Հանրապետության զինված ուժերում այս և այլ նորարարական լուծումների կյանքի կոչումը թույլ կտա փոքր ուժերով մեծ խնդիրների կատարմանն ունակ ստորաբաժանումների միջոցով վարել տարատեղված և ապակենտրոնացված գործողություններ:
ՀՀ պաշտպանության նախարարության համար վճռական մոտեցումների ևս մեկ կարևոր ուղղություն է լինելու զինվորական էթիկայի նորմերի, կառավարման մշակույթի զարգացումը և բարեվարքության ամրապնդումը: Այս նախաձեռնություններն ուղղված կլինեն զինված ուժերում բարեփոխումների տեսլականը զինվորական ծառայության նկատմամբ վերաբերմունքի փոփոխության և զինվորականների սոցիալական խմբերում փոխհարաբերությունների նոր մոդելների վրա խարսխելուն:
Նիստի ավարտին ազդարարվեց Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի 3-րդ փուլի մեկնարկը, որի ընթացքում մշակվելու և սահմանվելու են պաշտպանության գործում շահառու մարմինների դերերն ու առաջադրանքները և զինված ուժերի խնդիրները:
Պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայումը կիրականացվի մինչև 2015թ. ավարտը և նպատակաուղղված կլինի Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության միջավայրի երկարաժամկետ գնահատման հիման վրա պաշտպանության և անվտանգային դինամիկ համակարգի` մինչև 2020թ. հեռանկարային զարգացման երաշխավորմանը:

Լուսանկարը՝ mil.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել